«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանին հիշեցրեց, որ պետությունը նյութական կորուստներ է կրել նրա մասկացությամբ ընդունված որոշումների պատճառով, քանի որ ՄԻԵԴ-ում բավարարվել են բողոքները: Այս համատեքստում Սամսոնյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ մասնակցություն է նա ունեցել «Ա1+» հեռուստաընկերության մինչև այսօր փակման գործում:
Խունդկարյանը նշեց, որ Ա1+ հեռուստաընկերության գործով ինքը, որպես այն ժամանակ տնտեսական դատարանի դատավոր, հանդես է եկել միանձնյա:
«Այո, միանձնյա գործ քննելիս դատավորի կողմից թույլ տրված խախտումներն են, որ որոշակի պատկերացում կարող են տալ այդ դատավորի մասնագիտական ունակությունների կամ վարքագծի վերևաբերյալ, բայց ես զարմացած եմ տարբեր զանգվածային լրատվամիջոցներով տարածված այն տեղեկատվության մասով, թե դատավոր Խունդկարյանը փակել է Ա+-ը»,- ասաց Խունդկարյանը՝ նշելով, որ եթե նման հայտարարություն է արվում, նա տարակուսում է, թե արդյոք մարդիկ կարդացե՞լ են ՄԻԵԴ այդ վճիռը:
«Եվրոպական դատարանն ուղղակիորեն արձանագրել է, որ արդար դատաքաննության խախտում տեղի չի ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման տեսնակյունից, որ տնտեսական դատարանի վարքագիծը և գործողությունները եղել են օրինական, որովհետև տնտեսական դատարանն ինքը քննարկել է բոլոր կողմերի միջնորդությունները, պատճառաբանել է բոլոր կողմերի միջնորդությունները, իր դատական ակտը: Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում գաղափարներ ազատորեն տարածելու տեսանկյունից, և իր որոշման հիմնաքարը եղել է այն ուղղությամբ, որ օրենսդրությունը խնդիր է ունեցել այդ ժամանակաշրջանում, որովհետև թեև օրենսդիրը սահմանել է այն չափորոշիչները, որոնցով Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը պետք է որոշեր՝ X թե Y ընկերությունն է հաղթող: Օրենսդրությունը չի պարտավորեցրել համապատասխան հանձնաժողովին, որ իր որոշման մեջ պատճառաբանի, թե ինչու, հատկապես որ չափորոշիչների հիման վրա է հանձնաժողովն այդ որոշումը կայացրել: Եվրոպական դատարանի վճիռը տնտեսական դատարանի դատավոր Խունդկարյանի գործողութոյուններում նշված վճռով որևէ խախտում չի արձանագրել»,- ասաց Խունդկարյանը: