«Իրավիճակն Արևելյան միջերկրածովային տարածաշրջանում բարենպաստ է Հայաստանի արտաքին քաղաքականության ակտիվացման և այլ պետությունների հետ երկկողմանի հետաքրքրության հարցերով համագործակցության խթանման համար»,- AnalitikaUA.net-ի հետ հարցազրույցում նշել է միջազգային հարցերի փորձագետ Վարդուհի Հարությունյանը:
«Տարածաշրջանում իրավիճակի սրացման պայմաններում մենք Հունաստանի և Կիպրոսի շուրջ մի շարք պետությունների, օրինակ՝ Ֆրանսիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի, Եգիպտոսի կոնսոլիդացման վկան ենք դառնում. վերջիններս ինչ-որ փուլում Թուրքիայի հետ բավական լուրջ կոնֆլիկտներ են ունեցել: Նույն պատկերն է նաև Հայաստանի դեպքում՝ հաշվի առնելով Թուրքիայի անվերապահ աջակցությունն Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ շրջափակման քաղաքականության կիրառմանը: Դա ապացուցեցին նաև հուլիսյան իրադարձությունները:
Այդ իսկ պատճառով 2019 թ. մեկնարկել է Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև եռակողմ համագործակցության ձևաչափը, որը վերջիններիս համար նոր չէ: Դեռ 2013-ից նման ձևաչափ է գործում Իսրայելի, իսկ 2014-ից՝ Եգիպտոսի հետ: Պատահական չէ նաև վերջին տարիներին այս ուղղություններով Հայաստանի ակտիվությունը և Արտաքին գործերի նախարարի այցը Եգիպտոս:
Հայաստանը փորձում է օգտագործել իրավիճակը՝ ավելի խթանելու նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը, ընդլայնելու համագործակցությունը, ինչը, կարելի է ասել, բխում է Հայաստանի շահերից: Օրինակ՝ հուլիսյան սրացումների ժամանակ ակնհայտ էր Կիպրոսի օժանդակությունը Հայաստանին և Արցախին, ինչը շատ կարևոր է փոխադարձ աջակցության տեսանկյունից:
Սա հեռանկարային է Հայաստանի համար, և չի բացառվում, որ այս ձևաչափն ընդլայնվի և ներառի նաև, առաջին հերթին, անվտանգության և պաշտպանության ոլորտը»,- ընդգծել է Վ. Հարությունյանը: