Հայաստանի առողջապահության նախարարությունը 3 ռեանիմոբիլ և 7 սանիտարական մեքենա է նվիրաբերել Արցախին: Դրանք կսպասարկեն ինչպես Ստեփանակերտին, այնպես էլ շրջաններին: Շտապօգնության մեքենաները դեռ նախորդ տարի են ձեռք բերվել,- ասում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Մեքենաների տեղափոխումը հետաձգվել էր համավարակի պատճառով:
Արսեն Թորոսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Գործընթացը սկսել էինք մոտ երկու տարի առաջ, նախկին առողջապահության նախարարի հետ, երբ իմ առաջին այցելության ու հանդիպումների ժամանակ նման հարց բարձրացվեց, որ Արցախի անհետաձգելի բժշկությունը պետք է բարձրացնել նոր մակարդակի և թարմացնել ավտոպարկը:
Արցախի առողջապահության նախկին ու ներկա պատասխանատուները համոզված են՝ նոր մեքենաների շնորհիվ հազարավոր մարդկանց կյանքեր կփրկվեն: Մասնագետներն արդեն հասցրել են ուսումնասիրել հնարավորությունները:
Մարինե Բալայան (բուժքույր) - Առկա են բոլոր տեսակի սարքավորումները, հարմար են թե՛ հիվանդների և թե՛ բուժաշխատողների համար՝ թեկուզ ճանապարհին երթևեկության ընթացքում:
Հայաստանի կառավարությանը շնորհակալություն է հայտնել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ասել՝ ժամանակն է մտածել շտապօգնության ուղղաթիռ ունենալ:
Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - Իհարկե, չեմ ասում 21 թվականին, բայց գոնե 22 թվականին մենք պետք է ունենանք պարտադիր, էլ չեմ ասում, եթե հնարավոր է, արագ տեմպով ունենալ շտապօգնության ուղղաթիռ:
Շտապօգնության նոր մեքենա նաև Արցախի հարավային բնակավայրերը կունենան: Իշխանաձորից եկել են, որ տեղափոխեն ռեանիմոբիլը:
Լուսինե Սարգսյան (Արցախի Կովսականի տեղամասային հիվանդանոցի վարիչ) - Իշխանաձորը գտնվում է Բերձորից 60 կմ հեռավորության վրա և Կովսականից՝ 40 կմ: Շառավիղը բավականին մեծ էր, այսինքն՝ մինչև հասնեինք հիվանդին, բնականաբար, ուշ կլիներ: Ե՛վ շատ սպասված էր, և՛ հաճելի, և՛ շատ տեղին:
Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարությունները նոր որակ կհաղորդեն մասնագետների վերապատրաստմանը: Պայմանավորվածությունն այսօր են ձեռք բերել:
Արսեն Թորոսյան - Այստեղ պետք է բացել առողջապահության ազգային ինստիտուտի մասնաճյուղ, որտեղ բժիշկների վերապատրաստումը, նրանց որակի բարձրացումը հնարավորինս տեղում արվի: Մասնաճյուղի շնորհիվ բժիշկներն ու բուժքույրերը ստիպված չեն լինի վերապատրաստման համար հասնել Երևան: