Հայաստանի կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող Օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնները և մրցանակակիրները, Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում (նաև թիմային) չեմպիոն դարձած մարզիկներն այսուհետ կստանան ամսական պատվովճարներ:
Նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող տիտղոսակիր մարզիկները պատվովճար չեն ստացել հանրապետությունում մշտապես չբնակվելու պատճառով: Բացի այդ, որոշմամբ պատվովճար է սահմանվել աշխարհի թիմային առաջնության հաղթողների համար. մասնավորապես` շախմատի աշխարհի առաջնության թիմային չեմպիոն Հայաստանի Հանրապետության հավաքականի 5 մարզիկ կստանա պատվովճար: Ընդհանուր առմամբ, ծրագրի շահառուների ցանկում ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, սակայն ՀՀ-ում մշտապես չբնակվող 15 մարզիկ (16 մրցանակային տեղ՝ Յուրի Սարգսյանը և՛ Օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր է, և՛ աշխարհի չեմպիոն) և շախմատի աշխարհի առաջնության թիմային չեմպիոն 5 մարզիկ:
N 925-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ Կառավարության որոշմամբ` պետությունը ևս մեկ անգամ կարևորում է սպորտի զարգացումը և տիտղոսակիր մարզիկների նվաճումներն անկախ այն հանգամանքից` նրանք մշտապես բնակվում են ՀՀ-ում, թե ոչ, քանի որ նրանք, հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո, բարձր են պահել Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության պատիվը և այսօր էլ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: