«Իշխանությունը տարեսկզբին կատակ չէր անում, երբ հայտարարում էր, որ չի ուզում իր սիրելի դատավորներով Սահմանադրական դատարան»,- «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթում ասաց Ռուբեն Ռուբինյանը:
Նրա խոսքով՝ տպավորություն է, թե քննարկում են ոչ թե թեկնածուին, այլ դատական համակարգի փոոփոխությունների փիլիսոփայությունը: Ըստ Ռուբինյանի՝ խորհրդարանում այսօր կա երեք փիլիսոփայություն: Առաջին փիլիսոփայությունը, Ռուբինյանի կարծիքով, կրում են «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները՝ ոչինչ չանել: «Երկրորդ փիլիսոփայությունը, որը կրում է Արման Բաբաջանյանը և դահլիճից դուրս այլ գործիչներ, անելն է այնպես, որ նոր ՍԴ-ն կամ նոր դատական համակարգը լինի մեր սիրելին: Ես վստահ եմ, որ եթե այսօրվա թեկնածուների և, մասնավորապես, Երվանդ Խունդկարյանի փոխարեն լիներ մեզ կամ Ձեզ, պարոն Բաբաջանյան, հաճելի քաղաքական հայացքներով անձ, դուք ուրախ կլինեիք: Բայց խնդիրը հետևյալն է՝ երբ մենք այս տարվա սկզբին հայտարարում էինք, որ չենք ուզում խամաճիկային Սահմանադրական դատարան, մեր սիրելի դատավորներով ՍԴ, մենք կատակ չէինք անում: Նոր ՍԴ ունենալն արդեն մեզ հաճելի քաղաքականացված անձանցով նույնն է, ինչ նախկինում էր, ուղղակի՝ հակառակ ուղղությամբ»,- ասաց Ռուբինյանը՝ հավելելով, որ թավշյա հեղափոխության ամենակարևոր արժեքներից մեկը համերաշխությունն էր և բոլորին հեղափոխության արդյունքում ստեղծված հնարավորություններով նոր Հայաստանի կառուցմանը մասնակցելու հնարավորություն տալը: