ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանից հետաքրքրվեց, թե արդյոք կարող են ասել, որ որ դատական համակարգը, եթե ավելի որակյալը լիներ, կարող էր չխանգարել մեր տնտեսական զարգացմանը և ընդհանրապես, որքանով է այն խանգարել տնտեսությանը:
Խունդկարյանը նշեց՝ ընդունում է, որ դատարանների դերը հասարակության կյանքի ցանկաված ոլորտում շատ մեծ է նաև ազատ տնտեսական հարաբերություններ ստեղծելու և ազատորեն տնտեսական գործունեություն իրականացնելու տեսանկյունից:
«Եթե նույնիսկ դատարանների կողմից որևէ խնդիր կարող է հարուցվել կոնկրետ վեճի լուծման տեսնակյունցից՝ այդ խնդիրը միայն և միայն կարող է կայանալ գործի քննության ժամկետների մեջ: Ինչպես գիտեք ուշացված արդարադատությունը համարժեք է մերժված արդարադատության, բայց պետք է յուրաքանչյուր դեպքում հասկանանք իսկ որո՞նք են օբյեկտիվ հիմքերը: Օրինակ՝ այժմ Վարչական վերաքննիչ դատարանում եթե որևէ վերաքննիչ բողոք ներկայացվի, քննությունը տեղի կունենա մեկ, 1.5 տարի հետո, որովհետև դատավորների քանակը չի բավարարում այն գործերի ծավալին, որը իրենք այսօր ունեն»,-ասաց Խունդկարյանը:
Նա նշեց, որ պետք է փորձել նախ համապատասխան պայմաններ ստեղծել, որպեսզի դատավորի ծանրաբեռնվածությունը լինի այնպիսին, որ արդյուքնում չտուժի գործերի ողջամիտ ժամկետում քննության անձի իրավունքը :
«Իմ կարծիքով մեր թիվ մեկ խնդիրը այսօր հենց դատավորների հաստիքների քիչ քանակն է,- ասաց նա՝ հավելելով,- Վերջին հինգ տարվա վերլուծությունների արդյուքնում միջինացված տվյալներով մեր դատավորների ուսերին, որոնք 240-նն են՝ տարեկան ընկած է 250 հազար գործի քննություն, իսկ միջինացված տվյալներով մեկ դատավորի վարույթում 1000 և ավելի գործը դա անմարդկային ծանրաբեռնվածություն է»: