Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը շնորհավորական ուղերձ է հղել` ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:
«Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի հարգարժա՛ն ներկայացուցիչներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Այս տարի, ցավոք, համավարակով պայմանավորված` նոր ուսումնական տարին մեկնարկեց փոքր-ինչ ուշացումով։ Կոչ եմ անում այս իրողությանը նայել որպես մարդկությանն ուղղված մի մարտահրավեր, որը պետք է պատվով հաղթահարենք միասին և պահենք այս հրաշալի օրվա խորհուրդը: Վստահ եմ՝ կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները և գործին կլծվենք ամենայն պատասխանատվությամբ և առավելագույն արդյունք ցուցաբերելելու վճռականությամբ:
Ամենաջերմ բարեմաղթանքներս ուզում եմ հղել, նախևառաջ, առաջին դասարանցիներին՝ ցանկանալով, որ ուսումնառության այս տարին նրանց համար լինի ամենահիշարժանն ու արդյունավետը: Նրանք գիտելիք ստանալու առաջին քայլերն են անելու, որը հիմքն է լինելու իրենց ապագայի։ Դպրոցում ստացած գիտելիքները հետագայում դառնալու են հասուն կյանք մտնելու այցեքարտը:
Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, ժամանակակից աշխարհը նոր պահանջներ է ներկայացնում կրթությանը: Որակյալ կրթությունը, բարձրակարգ մասնագետ լինելը ժամանակի հրամայականն են: Ակնկալում եմ, որ նոր ուսումնական տարին ձեզ համար կլինի գիտելիքների, մասնագիտական հմտությունների խորացման և արժևորման ժամանակահատված:
Օրվա առթիվ ջերմ շնորհավորանքներս եմ ուզում հղել նաև կրթության ոլորտի ներկայացուցիչներին, ովքեր մեծ նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ են իրականացնում իրենց կարևոր առաքելությունը: Ցանկանանում եմ ձեզ աշխատանքային նոր լիցքեր ու եռանդ: Ձեր ջանքերն ուղղվելու են մեկ գերագույն նպատակի՝ կրթել գիտելիքներով հարուստ, մրցունակ, առողջ և արժանապատիվ սերունդ: Մեկ անգամ ևս շնորհավորելով՝ բոլորիդ մաղթում եմ քաջ առողջություն, հաջողություններ ուսումնական գործընթացում և կյանքում»,- գրել է նա: