ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատել է ամերիկյան հեռուստաալիքներին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակին իր առաջադրումը անտեսելու համար: Այս մասին նա հայտարարել է Նևադայում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ՝ փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ամերիկացի առաջնորդը հիշել է, որ իր նախորդը՝ Բարաք Օբաման, Նոբելյան մրցանակը ստացել է Սպիտակ տուն գալուց գրեթե անմիջապես հետո: «Նա իրականում չգիտեր, թե ինչու է ստացել: Եվ ոչ ոք դա չհասկացավ: Իսկ մենք այնքան շատ բան ենք արել»,- վրդովվել է Թրամփը:
Իր առաջադրումը Թրամփը շատ կարևոր է համարում և չի հասկանում, թե ինչու են հեռուստաընկերությունները շրջանցել այդ լուրը: «Պատկերացնո՞ւմ եք՝ ձեր երկրի նախագահն առաջադրված է Նոբելյան մրցանակի, իսկ ABC-ի, CBS-ի և NBC-ի երեկոյան լուրերը, չնայած դրանք սարսափելի են, այդ մասին չեն խոսում»,- ընդգծել է ամերիկացի առաջնորդը: