Հայ-ադրբեջանական սահմանի՝ հուլիսյան լարվածության ժամանակ Թուրքիան միակ երկիրն էր, որը հանդես է եկել միակողմանի և շատ ագրեսիվ մոտեցմամբ` Եգիպտոսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը՝ պատասխանելով «Սքայ Նյուզ Արաբիայի» թղթակցի հարցին։
Խոսելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակից՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին միակողմանի էր, իսկ Հայաստանին և հայ ժողովրդին հասցեագրված մոտեցումը՝ ագրեսիվ հռետորաբանությամբ ու գործողություններով։
Զոհրաբ Մնացականյան (ՀՀ արտգործնախարար) - Իհարկե, մենք ականատես ենք լինում իրենց կողմից ռազմական կուտակման փորձերի: Մենք տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են: Մենք ականատես ենք լինում մեծ ռազմական ներկայության, ռազմական ամրապնդման: Այս ամենը հենց այն գործողություններն են, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանն ուղղված ջանքերը:
Արաբական հեռուստաընկերության լրագրողը Մնացականյանին խնդրել էր գնահատել Թուրքիայի վարքագիծը նաև Արևելյան Միջերկրականում: Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նկատել է՝ թուրքական այդ ձեռագիրը չի սահմանափակվում միայն տարածաշրջանով։
Զոհրաբ Մնացականյան - Մենք ականատես ենք լինում ազդեցության տարածման այս քաղաքականությանն Արևելյան Միջերկրականից մինչև Հյուսիսային Աֆրիկա և Մերձավոր Արևելք, ինչպես նաև Հարավային Կովկաս: Նմանօրինակ քաղաքականությունը ամենևին էլ ողջունելի չէ:
Թուրքիայի թեման շարունակելով՝ Մնացականյանը շեշտել է, որ Հայաստանը վճռական է՝ ժխտելու ուժի դրսևորումը, ագրեսիվ և ապակայունացնող բնույթի ցանկացած քաղաքականություն, որն ուղղված է ազդեցության տարածմանը։
Զոհրաբ Մնացականյան - Ուշադրությամբ հետևում ենք Արևելյան Միջերկրականի զարգացումներին և համերաշխություն ենք հայտնել Հունաստանին ու Կիպրոսին իրենց բացառիկ տնտեսական գոտում տնտեսական գործունեություն ծավալելու իրենց անքակտելի իրավունքների հարցում` միջազգային իրավունքին համապատասխան: Եվ նույն կերպ ցանկանում եմ ընդգծել նաև մեր համերաշխությունն ու աջակցությունը Եգիպտոսին:
Ճեպազրույցին նախորդել էր արտգործնախարարի առանձնազրույցը։ Մնացականյանը Շուքրիին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացն ու ևս մեկ անգամ շեշտադրել է՝ այն չունի ռազմական լուծում։ Կարևորելով Մինսկի խմբի ձևաչափում հակամարտության խաղաղ հանգուցալուծման հարցը՝ արտգործնախարարը նշել է, որ այդ բանաձևի առանցքում Հայաստանի համար կարևոր առաջնահերություններից է անվտանգությունը։ Ըստ Մնացականյանի՝ լուծումը հիմնված է փոխզիջման վրա և չի կարող լինել, իր ձևակերպմամբ, «միայն իմ ճանապարհով» լուծում:
- Մենք կարող ենք պնդել դա, քանի որ Հայաստանը ունի բոլոր կարողությունները պաշտպանվելու, Արցախը ունի բոլոր կարողությունները պաշտպանվելու: Կա Արցախի մեր հայրենակիցների անվտանգության միայն մեկ երաշխավոր, և դա Հայաստանն է: Մենք վճռական ենք այդ պաշտպանության հարցում, և հենց այդ վստահությամբ և ընկալմամբ է, որ մենք մերժում ենք ռազմական լուծման որևէ փորձ: Այս տրամաբանությամբ մենք լավ ընկալում ունենք մեր բոլոր գործընկերների մոտ, և մենք ունենք նաև մեր միջազգային գործընկերների շատ զգուշավոր, պատասխանատու ըմբռնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքի և տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված իրենց ջանքերի հանդեպ: Այդ առումով Եգիպտոսը մեզ համար շատ կարևոր գործընկեր է:
Տնտեսական հարցերն էլ չեն վրիպել Մնացականյանի ու Շուքրիի ուշադրությունից։ Եգիտպոսը հետաքրքրված է ԵԱՏՄ-ի հետ գործակցությամբ ու այս ճանապարհին Հայաստանը հետաքրրքված է, որ հնարավորինս շուտ ստորագրվի ազատ առևտրի համաձայնագիրը։ Բանակացություններն այժմ ընթացքի մեջ են։