ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Փարիզում սեպտեմբերի 14-ին ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացրել: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ կայքը:
Հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպերշիկը: Համանախագահները վերանայել են տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ ուշադրությունը կենտրոնացնելով հայ-ադրբեջանական սահմանին հուլիսին տեղի ունեցած լարվածությանը հաջորդող զարգացումների վրա, դիտարկել ու գնահատել են կողմերի մասնավոր և հրապարակային հաղորդագրություններն ու մտահոգությունները:
Համանախագահները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կողմից տեղեկացվել են տեղում անվտանգության իրավիճակի վերաբերյալ և ողջունել են մոնիթորինգի գործընթացի վերսկսման հետ կապված նախապատրաստությունը:
Համանախագահները հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ և հրավիրել են նախարարներին առաջիկա շաբաթներին անձամբ հանդիպել համանախագահների հետ՝ համապատասխան դիրքորոշումների հստակեցման համար, առանց նախապայմանների լուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու նպատակով:
Համանախագահները շարունակում են ակտիվ և ամբողջական ներգրավվածություն դրսևորել հանուն խաղաղության և համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցություններում: