ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակն (ԺՀՄԻԳ) իր նախաձեռնությամբ կապվել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հետ՝ քննարկելու Սահմանադրական դատարանի դատավորների նշանակման ընթացիկ գործընթացը, և համաձայնություն է ձեռք բերվել մանրամասն հետևել գործընթացին:
Մարդու իրավունքների պաշտպանը և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը մի շարք քննարկումներ են ունեցել Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավորների նշանակման գործընթացի անկախ գնահատման կարևորության, ինչպեոս նաև այն մասին, թե ինչպես կարող են երկու հաստատությունները համատեղ աշխատել գործընթացին հետևելու հարցում: Քննարկումների ընթացքում նշվել է, որ ԺՀՄԻԳ-ը կտրամադրի փորձագիտական աջակցություն գնահատման հարցում և կպատրաստի իրավական վերլուծություն դատավորների նշանակումը կարգավորող օրենսդրության, վերաբերելի միջազգային չափանիշների, պարտավորությունների ու առաջատար փորձի վերաբերյալ:
Գնահատման նպատակն է իրականացնել գործընթացի անկախ և անաչառ ուսումնասիրություն՝ դատական իշխանության անկախության նկատմամբ հանրային վստահության ձևավորման տեսանկյունից։ Ուշադրություն կդարձվի դատավորների նշանակման հարցերը կարգավորող իրավական ակտերին ու ընթացակարգերին, այդ ընթացակարգերի գործադրմանն ու գործընթացի թափանցիկությանը:
Երկու հաստատությունները նշել են, որ դատավորների նշանակման ցանկացած գործընթացի կարևոր բաղադրիչ է թափանցիկությունը, ուստի Խորհրդարանում պետք է ապահովվի, որպեսզի գործընթացի բոլոր փուլերը լինեն հնարավորինս թափանցիկ: Դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը կարող է ամրապնդվել թափանցիկ գործընթացների միջոցով: