ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՍԴ դատավորի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի թեկնածության քննարկման ժամանակ Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանին հարցրեց, թե որո՞նք են Երվանդ Խունդկարյանի արժանիքները, դրանց թվո՞ւմ են արդյոք նրա մասնակցությամբ կայացրած որոշումները, որոնց մի մասը բեկանվել են ՄԻԵԴ-ում:
Թադևոսյանը նշեց, որ դատավորների ընդհանուր ժողովում ինքնառաջադրման եղանակով իրենց թեկնածությունն է ներկայացրել երկու դատավոր՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը և ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կյուրեղյանը:
«Թեկնածուները համապատասխանել են օրենքով սահմանված պահանջներին՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրվելու համար, և ընտրության արդյունքներով առավել ձայներ՝ 145 կողմ ձայն, հավաքել է Խունդկարյանը»,- ասաց Լիլիթ Թադևոսյանը և ընդգծեց, որ դատավորների վարքագծի կանոնները թույլ չեն տալիս որևիցե դիրքորոշում հայտնել որևէ դատավորի մասնագիտական որակների ու որևէ գործի, դատական ակտի վերաբերյալ:
Բաբաջանյանը նշեց, որ բազմաթիվ հրապարակումներ են եղել այդ ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումների վերաբերյալ, նաև քվեաթերթիկների թվի անհամապատասխանություն է եղել:
Թադևոսյանն արձագանքեց՝ նշելով. «Անհամապատասխանությունը վերաբերել է ընտրությանը մասնակցած դատավորների քանակի և քվեատուփում հայտնաբերված քվեաթեթրիկների առումով: Այո՛, եղել է անհամապատասխանություն, բայց քանի որ այդ օրը նշանակված էր նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրություն, 10 ավել քվեաթեթիկները հայտնաբերվել են հենց Բարձրագույն դատական ատյանի դատավորի քվեարկության արդյունքում՝ այդ քվեատուփում: Ընտրություններից հետո այդ հանգամանքը բարձրաձայնվել է հենց Հաշվիչ հանձնաժողովի կողմից, որ հայտանաբերվել են 10 ավել քվեաթեթիկներ, որից հետո Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամ Ստեփան Միքայելյանի դիմումի համաձայն կատարվել է վերահաշվարկ, և պարզվել է, որ քվեատուփում հայտնաբերված քվեաթերթիկների քանակը 194 է, այնքան քվեաթեթիկ է հայտնաբերվել, որքան մասնակցել են այդ օրը դատավորներ»,- ասաց Թադևոսյանը: