Ուկրաինայի Բերդյանսկ քաղաքի Ազմոլ միկրոշրջանում հայկական խաչքար-հուշարձան է տեղադրվել՝ հայտնում է AnalitikaUA.net-ը:
Խաչքարը դարձել է ուկրաինացի և հայ ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակի խորհրդանիշը: Նախատեսվում են նաև բարեկարգման և շինարարական աշխատանքներ:
Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանի խոսքով՝ հուշարձանի տեղադրումը նախաձեռնել է Բերդյանսկի հայերի միության նախագահ Հովհաննես Ավդալյանը:
«Վերջին մի քանի տարվա ընթացքում Ուկրաինայի հայերի միությունը կազմակերպել է Հայաստանից բերված ավելի քան 25 խաչքարի տեղադրումը. դրանցից 1-ն էլ այժմ Բերդյանսկում է: Խաչքար-հուշարձանները տեղադրվում են այնտեղ, որտեղ մեր հայրենակիցներն իրենց հետքն են թողել: Բերդյանսկի հայկական համայնքը չի խնայել իր ուժերը, որպեսզի մենք կարողանանք հավերժացնել հայերի հիշատակը»,- նշել է Հովակիմ Հարությունյանը:
Հովհաննես Ավդալյանն ընդգծել է, որ խաչքարի տեղադրումը նախատեսվում էր այս տարվա գարնանը, սակայն, համավարակով պայմանավորված, միջոցառումը տեղափոխվել է: Ավդալյանը շնորհավորել է բոլոր հյուրերին և շնորհակալություն հայտնել Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանին խաչքարի տեղադրման աշխատանքների համար:
Միջոցառմանը ներկա էին նաև Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը, տեր Հուսիկ քահանա Նուրիջանյանը, Խերսոնի հայերի միության նախագահ Տիգրան Մկրտչյանը, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ և ուրշներ: