Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը։ ՍԴ դատավորի պաշտոնում Արթուր Վաղարշյանի թեկնածության քննարկումից հետո ելույթ ունեցավ միայն պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նա նշեց, որ իր ելույթը Վաղարշյանի անձին նվիրված չէ, և ընդհանրական ելույթ է պատրաստել:
«Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, որը միավորում է 230 հասարակական կազմակերպություն, ԱԺ-ից պահանջում է մերժել առաջադրված երեք թեկնածուներին և սկսել ՍԴ դատավորի ընտրության նոր գործընթաց»,- ասաց Բաբաջանյանը:
Բաբաջանյանն ընդգծեց, որ այսօր կարևոր քննարկում է հետհեղափոխական Հայաստանի կյանքում: Նա շեշտեց, որ այսօրվա քննարկումներից ու քվեարկությունից է կախված լինելու հեղափոխության ու, որպես դրա հետևանք, երկրում ժողովրդավարության ամրապնդման ու կայացման գործընթացը: