Սահմանին մոտ կանաչ տանիքով նորակառույցը «Տավուշ տեքստիլի» դիմակի երկրորդ արտադրամասն է: Մայիսին դեռ ձեռնոցի գործարանը «ձեռնոց նետեց» համավարակին և շուկա հանեց եռաշերտ բժշկական դիմակներ: Նաև որոշեց, քանի դեռ աշխարհն ամբողջությամբ չի բուժվել կորոնավիրուսից, գործարկել ևս մեկ արտադրամաս, այս անգամ՝ սահմանամերձ Պառավաքարում:
Միքայել Եզեկյան, «Տավուշ տեքստիլ» ընկերության գործադիր տնօրեն - Օրական 300 հազար դիմակ արտադրում է Արծվաբերդի գործարանը, 400 հազար հատ արտադրում է Պառավաքարինը, ընդհանուր՝ 700 հազար օրական:
Ընկերությունն այս գյուղում ներդրել է տասը միլիոն դոլար: Երկու շաբաթ է, ինչ գործարկվել է արտադրամասը: Գործարանն այս պահին արդեն 100 աշխատող ունի, ևս 70 աշխատակցի դեռ կընդունեն:
Արամ Ավետիսյան, «Տավուշ տեքստիլ» ընկերության Պառավաքարի արտադարամասի շինարարության ղեկավար - Չկա աշխատող ուժ, հուսանք՝ բերքահավաքը կանեն, կազատվեն, կգան մեզ մոտ կաշխատեն:
Շատերը փորձ են ձեռք բերել՝ աշխատելով ընկերության այլ արտադրամասերում: Կես ժամից ավելի կորցնում էին ճանապարհի վրա՝ հասնելու Բերդի գործարան, հիմա աշխատավայրն իրենց տան մոտ է, գոհ են նաև վարձատրության գումարից:
Տաթևիկ Բաղդասարյան, «Տավուշ տեքստիլ» ընկերության աշխատակից - Սովորելու ընթացքում գումարը շատանում է, գործարքային է, աշխատանքի որակից ևս գոհ են:
Լուսինե Ղազախյան, «Տավուշ տեքստիլ» ընկերության աշխատակից - Դիմակը վերցնում ենք, դնում, ոտնակին, սեղմում. նայում ֆիքսատորին, դիմակին: Լավ աշխատանք է, մարդիկ աշխատում են, 5 գյուղ է աշխատում մեր գործարանում:
Առաջնահերթ` գործարկվեց դիմակի արտադրամասը, բայց գրեթե պատրաստ է նաև Պառավաքարի ձեռնոցի գործարանը: Սպասում են ձեռնոց գործող հաստոցներին: Տեխինկական վերազինումից հետո կշահագործվի արտադրամաը, կաշխատի 600 մարդ:
Միքայել Եզեկյան, «Տավուշ տեքստիլ» ընկերության գործադիր տնօրեն - «Տավուշ տեքստիլը» 1000 աշխատող ունի: Մեր ծրագրերը կախված են աշխատուժից, ինչ ժամանակում կպատրաստենք: Հետագայում, հնարավոր է, նոր գյուղեր ընդգրկենք մեր ծրագրերում: Այս պահին Պառավաքարը դեռ 3 տարվա գործարկելու ժամանակ ունի, եթե մեր ուզածով լինի, շուկան ինչպես կդրսևորի, եթե պահանջարկ լինի, կանենք:
Տեղական շուկայից բացի, տավուշցիների ձեռքով պատրաստված դիմակի պատվերներ կան նաև Եվրոպայից: Մեծ խմբաքանակ ուղարկել են Թուրքմենստան: Բուհն ավարտել, ապագա տնտեսագետն անմիջապես աշխատանքի է անցել, ոգևորված է հատկապես աշխատանքային մթնոլորտով:
Վարդուշ Բուլղադարյան, «Տավուշ տեքստիլ» ընկերության աշխատակից - Ուրախ եմ, որ կա հաստատություն, որտեղ կարող եմ աշխատել, տանը չմնալ: Հաճելի միջավայր է, շրջապատ:
Դպրոցների համար ընկերությունն ինքնարժեքին մոտ դիմակի գնային առաջարկ է արել՝ 25 դրամ: Տավուշի սահմանամերձ դպրոցներին էլ անվճար տրամադրել 10 հազար դիմակ: