ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ՍԴ դատավորի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի ընտրությանը՝ հայտարարեց խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր ելույթում:
«Հակաիրավական գործընթացը, որ այս դահլիճում տեղի է ունեցել Սահմանադրության փոփոխության համատեքստում, շարունակվում է, և այս ընտրությունն այդ հակաիրավական գործընթացի հետևանքն է»,- ասաց Տարոն Սիմոնյանը:
Նա խոսեց դատական համակարգի խնդիրների մասին: «Չկա մի դատական ատյան, որ հարյուրավոր խնդիրներ չլինեն՝ սկսած օբյեկտիվ խնդիրներից, դատավորների ֆինանսական-սոցիալական վիճակ, վերջացրած սուբյեկտիվ խնդիրներով՝ կոռուպցիա և այլն: Բայց փոխանակ մենք զբաղվենք այս խնդիրներով, բարդացնում ենք դրանք,- ասաց Տարոն Սիմոնյանը՝ հավելելով,- եթե ծառի արմատի մեջ թույն են սրսկում, այն չի կարող լավ պտուղ տալ, մանավանդ երբ առանց այն էլ լավ վիճակում չէր: Մենք պետք է զբաղվենք այդ ծառը մշակելով»:
Հիշեցնենք՝ ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի ընտրության հարցը: Նրա թեկնածությունն առաջադրել է դատավորների ընդհանուր ժողովը: ՍԴ դատավորի ընտրությանը չմասնակցելու մասին հայտարարել է նաև ԱԺ ԲՀԿ խմբակցությունը: