Եգիպտոսում պաշտոնական այցով գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 13-ին հանդիպել է Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սբ. Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդի հետ:
Անդրադառնալով կրոնահամայնքային համագործակցությանը՝ նախարար Մնացականյանը կարևորել է հայերի և ղպտիների դարավոր կապերի շարունակական ամրապնդումը՝ խարսխված հոգևոր արժեքների և ավանդական բարեկամության վրա:
ԱԳ նախարարն ու ղպտիական եկեղեցու առաջնորդը քննարկել են կրոնական փոքրամասնությունների հիմնախնդիրներին առնչվող մի շարք հարցեր՝ առանձնահատուկ կարևորելով կրոնական հանդուրժողականությունն ու խաղաղ գոյակցությունը։
Այս համատեքստում զրուցակիցները ցավով արձանագրել են կրոնական խմբերի թիրախավորումն ահաբեկչական և ծայրահեղական խմբերի կողմից՝ ընդգծելով կրոնական խմբերի պաշտպանության անհրաժեշտությունը, այդ թվում՝ նրանց իրավունքների երաշխավորման, հոգևոր և պատմական ժառանգության պահպանման միջոցով: Այս համատեքստում նախարարը նշել է․ «Հայաստանը միջազգային տարբեր ձևաչափերի և հարթակների միջոցով աշխատում է ազգային և կրոնական խոցելի փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, կրոնների բազմազանության ապահովման ուղղությամբ՝ ի նպաստ վերջիններիս ներուժի հզորացման ու ամրապնդման»:
Նախարարը բարձր է գնահատել Եգիպտոսի իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայ համայնքի հանդեպ, որը բացառիկ ներդրում է ունեցել եգիպտական պետության կայացման և զարգացման գործում:
Թավադրոս Երկրորդը կարևորել է երկու քույր՝ Ղպտի ուղղափառ և Հայ առաքելական եկեղեցիների կայուն փոխգործակցությունը: