ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում` նշելով, որ կառավարության աջակցությամբ առաջիկա տարիներին ամբողջ Ակնան պետք է վերածեն մի մեծ այգեստանի:
«Հարգելի ՛ հայրենակիցներ, 1997թ.-ին, երբ ժամանակի իշխանությունները քննարկում էին տարածքային զիջումների միջոցով Արցախի հիմնախնդիրը լուծելու հարցը, այն քչերից մեկն էի, ով, եղած համեստ ունեցվածքը բանկում գրավ դնելով, Ակնայում (նախկինում՝ Աղդամ) սկսել է այգեգործությամբ զբաղվել: Մի առիթով ասել եմ, էլի կկրկնեմ, որ պատերազմի թոհուբոհով անցած 24-ամյա երիտասարդիս յուրահատուկ պատասխանն էր դա…
Այո՛, Ակնան մեր հայրենիքն է, ինչպես Ստեփանակերտը, Շուշին, Բերձորը, Տիգրանակերտը կամ Քարվաճառը: Ու այդ հայտարարությունը ողջ հայության անունից եմ հնչեցնում, Ակնայի իմ այգուց, որն իր դրախտային փարթամությամբ վկայում է ոչ միայն հողի հետ տարիներով իմ պայքարի արդյունքը, այլև կարևոր օրինակ է դառնալու մեր բազմաթիվ այն հայրենակիցների համար, ովքեր կառավարության աջակցությամբ առաջիկա տարիներին ամբողջ Ակնան պետք է վերածեն մի մեծ այգեստանի:
Սա է մեր այսօրվա օրակարգը, որով առաջնորդվելու համար արդեն սկսել ենք գործուն քայլեր ձեռնարկել: Ի գործ»,- գրել է նա: