Վարորդական վկայականի հերթերը նվազեցնելու համար ոստիկանապետի հրամանով քննական կենտրոնները կաշխատեն նաև շաբաթ օրերին: Վկայական ստանալու համար խստացումները հետաձգվել են: Ինչո՞ւ են շատացել մեքենա վարել ցանկացողները և արդյո՞ք դա է հերթերի պատճառը:
Բոլորը հուզված են՝ քննական մեքենան ինչպե՞ս կվարեն: Դեռ լավ է՝ հերթն իրենց է հասել. միայն Երևանում, պարզվում է, ավտոյի գրանցման և վարորդական վկայական ստանալու նպատակով՝ ինտերնետով 15 հազարից ավելի դիմում է եղել,- ասում է բաժնի ղեկավարը:
Գարիկ Լևոնյան, ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի պետ - Այսօրվա դրությամբ դա նվազեցրել ենք, հասցրել 11 հազարի՝ մոտ 9000 ունենք վարորդական վկայականի հետ կապված գործարքներում, 2000՝ տրանսպորտի գործարքներում:
Ըստ Լևոնյանի՝ տրանսպորտային գործարքների հերթը կարողացել են կրճատել օրը 300 մեքենայատիրոջ սպասարկելով: Շատ ուշ չեն կանչել՝ հաստատում է ավտո անվանափոխող երիտասարդը:
Դեռևս նույնքան արագ չի առաջ գնում՝ վարորդական վկայականի հերթը: Հենց վարորդականների աննախադեպ հերթը մաշելու համար են քննական ստորաբաժանումները՝ ոստիկանապետի հրամանով, այսօրվանից սկսել նաև շաբաթ աշխատել ամբողջական գրաֆիկով: Տեսականի դեպքում՝ առաջին իսկ փորձից շատերը հաղթահարում են թեստը:
Խաչատուր Ավետիսյան, ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի վարորդական իրավունքի հատկացման բաժանմունքի տեսուչ - Մասնակիցների 70-80 տոկոսն են հաղթահարում, տեսական գիտելիքների ցուցանիշն ավելի շատ է բարձրացել:
Տեսականը հեշտ հանձնողները հաճախ ստիպված են լինում մի քանի անգամ գալ գործնական՝ վարելու քննության: Խոսքը, հատկապես, կանանց մասին է: Հերթի մեծացմանը դա էլ է նպաստել, նաև, որ վարորդական իրավունք ստանալը բարդացնելու պատճառով շատերն ուզում էին հասցնել մինչև սեպտեմբերի 27-ը՝ մինչև խստացումը բախտը փորձել՝ բացատրում է Գարիկ Լևոնյանը:
Գարիկ Լևոնյան, ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի պետ - Կին վարորդները շատանում են, այսօրվա կատարած մոնիթորինգի արդյունքով` կոնկրետ Երևանի ՀՔԲ-ում մոտ 70-80 տոկոսն իգական սեռի ներկայաուցիչներ են դիմում:
Լուսացույց, կայանում, բարձր արագություն, կտրուկ կանգառ... գործնական 10 վարժությունից՝ տեսուչները հատկապես խիստ են ճանապարհային նշանների խախտումներին: Ներում-բեկում չկա այն սխալներին, որոնք ռեալ երթևեկության ժամանակ տուգանքի կամ բալերի իջացման կբերեն:
Էդգար Մկրտչյան, ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի վարորդկան իրավունքի վկայականի հատկացման բաժանմունքի տեսուչ - Սկսնակ վարորդի կողմից վարչական իրավախախտում տեղի ունենալու դեպքում քննությունը տեղում դադարեցվում է:
Արդեն անգիր գիտեն՝ կանայք կտրվում են առավելապես հետընթաց կատարելիս: Քննությունները նույն կարգով, առանց խստացումների կշարունակվեն մինչև տարեվերջ. փոփոխությունն, ըստ որի թեստը դառնում է 20 հարց, գործնականն էլ՝ ավտոդրոմից բացի վարելը պարտադիր է լինելու ռեալ երթևեկությունում, ՃՈ-ի առաջարկով կառավարությունը հետաձգելու է՝ մարդկանց սթրեսից դուրս գալու կոչ են անում ոստիկանությունից: Նաև դա կթեթևացնի հերթերը:
Գարիկ Լևոնյան, ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի պետ - Ինձ թվում է` կհասցնենք այն վիճակի, որ տրանսպորտը մինչև 2-3 օրվա տարբերություն կլինի հերթագրումը, շատ շտապ կկանչենք: Իսկ վարորդականը՝ մինչև սեպտեմբերի 20-ը հերթագրել ենք, շարունակական բնույթ է կրում:
Քննությունը հանձնելուց հետո՝ ընդամենը 30 վարկյան է պետք վարորդ դառնալու համար: Հենց այդքան ժամանակում է սարքը տպում վկայականը: