Սեպտեմբերի 11-ին կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը։
Օրակարգային առաջին զեկույցը ներկայացրել են հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամներ Արթուր Ղամբարյանը և Անահիտ Մանասյանը՝ առաջարկելով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային ուղղությունների թվում քննարկել իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի վերաբերյալ նորմում իշխանությունների միջև փոխադարձ հարգանքի և փոխհամագործակցության սկզբունքը Սահմանադրությամբ ամրագրելու հարցը:
Մեկ այլ զեկույցով հանդես է եկել հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամ Լևոն Գևորգյանը՝ քննարկման ներկայացնելով ներպետական իրավական համակարգի մաս հանդիսացող միջազգային իրավունքի ծավալները և շրջանակը, վավերացված միջազգային պայմանների կիրառման մեխանիզմները (մոնիստական թե դուալիստական համակարգ, ինքնակիրարկվող և ոչ ինքնակիրարկվող միջազգային պայմանագրերի տարբերակում), միջազգային պայմանագրերի նկատմամբ սահմանադրական վերահսկողության ծավալները։
Երկու զեկույցների ներկայացումից հետո ծավալվել է հարց ու պատասխան․ հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու առաջարկները։
Նիստին մասնակցող 13 անդամներից առաջին զեկույցին կողմ են քվեարկել 12-ը, երկրորդ զեկույցի քվեարկությունը տեղափոխվել է հաջորդ նիստ։