Միջնադարյան հայտնի ամրոցը կարող է դառնալ Տավուշի «զբոսաշրջային միջնաբերդը»: Գիտական խումբը Բերդում է՝ բացելու քաղաքին անուն տված ամրոցի գաղտնիքները: Հնագետներն առաջին անգամ են այստեղ լայնածավալ պեղումներ անելու:
Տիգրան Ալեքսանյան (Հնագետ) - Սա էսօր ենք գտել, երկաթյա դաշույնի մաս է, հավանաբար՝ ուշ շրջանի, մելիքական շրջանի դաշույն է, լաբորատոր մշակումից հետո խոսուն տեսք կունենա:
Դաշույնը 4 օրվա որոնումների միակ գտածոն չէ: Բերդի կառուցման թվականը հայտնի չէ: Առաջին անգամ հիշատակվում է 10-րդ դարից՝ որպես Աշոտ Երկաթի փոխարքաների նստավայր, Հյուսիսարևելյան Հայաստանի ռազմաքաղաքական կենտրոն:
Տիգրան Ալեքսանյան - Ամուր բերդ է եղել՝ Ցլիկ Ամրամն այստեղ է որոշել ճակատամարտել Աշոտ Երկաթի դեմ, պարտության մատնել արքայական զորքերին: Հետագայում ամրոցն անցել է Կյուրիկյաններին, Զաքարյաններին, իսկ սելջուկյան արշավանքներից հետո կորցնում է անառիկությունը, լքվում է, դուրս գալիս պատմական թատերաբեմից:
Սկզբում կբացեն պարսպից ներս կառուցված շինությունները: Բարձունքից բերդը հսկող ամրոցը կուսումնասիրվի պետական միջոցներով: Հուլիսյան մարտերից հետո Տավուշ գործուղված՝ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն է նախաձեռնել ծրագիրը՝ վստահ՝ գաղտնազերծված հնավայրն ավելի գրավիչ կդարձնի տարածաշրջանը:
Արթուր Երկանյան (Բերդի պատմության և կենցաղի թանգարանի տնօրեն) - Լեգենդները, որ երկար տարիների ընթացքում հյուսվել են ամրոցի շուրջ, առարկայական հետքը կթողեն, կլինեն արձանագրություն, զարդ, ամենակարևորը՝ պատմական ամենավաղ շերտերին հասնելը և գրավոր տեսքով ունենալն է:
Տիգրան Ալեքսանյան -Ինչ-որ մի սենյակի հատված է, և շերտ դեռ խորանում է, շինության հորիզոնի մնացորդ են,կավով հատակ, որը հետո ծածկվել է կրաշաղախով: Բերդն ունեցել է ստորին բերդ, որի պարսպատերը չեն պահպանվել:
Բերդից ներքև 1019-ին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին է, որն ավերվել է երկրաշարժից:
ՀարությունԲադալյան-ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող-Կառուցումից 120 տարի անց եկեղեցին վերակառուցել է Տաշիր Ձորագետի թագավոր Կյուրիկիեի որդի Աբասը, ում այդ ժամանակ էլ պատկանել է Տավուշ ամրոցը:
Հազարամյա լուռ բերդը Հովել Մելքումյանի տան թիկունքում է: Օր չկա, զբոսաշրջիկ չգա, չհետաքրքրվի ամրոցի պատմությամբ:
Հովել Մեքումյան (Բերդ քաղաքի բնակիչ) - Զգացվում ա, որ կռիվնի ա լել, սեփական տունն իմ տարածքն ու, հողը մշակիլիս նետ ու աղեղի քիթ ա տյուս կյալի, պուլիկի-մուլիկի կտոր: Իմ պատկերացումով՝ երևի մեծ պատերազմական վիճակնի ա քյնացել:
Պեղումները կարվեն՝ որքան թույլ կտա եղանակը, նաև 2021-ին, և դարերի լռությունից հետո կխոսի Ցլիկ Ամրամի բերդը: