Սանահինի վանական համալիրի Սուրբ Հարություն եկեղեցին և Գրիգոր Թութևորդու խաչքար դամբարանի պատվանդանը նորոգվում են:
Ժյուլվեռն Նարիմանյան (վերականգնող վարպետ) - Քանդել ենք բոլոր քարերը, համարակալած իջացրել ենք ներքև, հիմի վերականգնում ենք, չունենք ոչ մի պրոբլեմ:
Եկեղեցին քարե տանիք չի ունեցել, խորհրդային տարիներին ծածկվել էր թիթեղով, որը, սակայն, քայքայվել էր: Իսկ շենքի տանիք լցվող անձրևաջրերը ձմռանը քայքայվել ու վթարային էին դարձրել կառույցները: Վերականգնման աշխատանքներն իրականացվում են Միացյալ նահանգների դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Լին Թրեյսի (ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան) - Դեսպանների մշակութային արժեքների հիմնադրամն ընդունում է տարբեր ծրագրեր, և այդ ծրագիրը միջոցներ է ուղղում մշակութային արժեքների, գլոբալ մշակութային արժեքների պահպանմանը:
Հիմնադրամին դիմում են տարբեր երկրներից, և դեսպան Լին Թրեյսին խիստ հատկանշական է համարում աշխարհի տարբեր ծայրերից ստացված ծրագրերի առաջարկների մեջ Սանահինի կարևորությունը: Դա ևս մեկ անգամ ընդգծում է համամարդկային մշակութային արժեքը: Եկեղեցիների վերականգնումն իրականացվում է ավանդական տեխնոլոգիայով: Ավելին, Սուրբ Հարություն եկեղեցին նախկին թիթեղյա ծածկի փոխարեն կունենա ավանդական քարե տանիք:
Գագիկ Սողոմոնյան (Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի նախագահ) - Փայտե տանիքը մաքրելուց գտանք կլոր վալիկավոր ծածկի ծածկի մի օրինակ, դա նախնական տեսքի մի էլեմենտ էր, որը հիմք հանդսացավ մեզ համար, որ անենք էդ կերծ ծածկասալեր: Նախագծում էդպես ա, և էդպես էլ կանենք ծածկասալեր:
Սուրբ Հարություն եկեղեցու և Թութևորդու դամբարանի բոլոր քարերը տեղում են, սակայն երկրորդ եկեղեցու սրբատաշ քարերից շատ քիչ բան է մնացել:
Միքայել քահանա Շաղոյան (Սանահինի վանքի առաջնորդ, Ալավերդու հոգևոր հովիվ) - Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում, որը, կարելի է ասել, ամբողջությամբ ավերված է և ավերվել է 1753 թվականին ամբողջությամբ: Հիշատակություն կա, որ այդ քարերը 1815 թվականին օգտագործվել են Ամենափրկիչ եկեղեցին վերակառուցելու համար:
Սանահինի վանական համալիրի վերին հուշարձանախումբը դուրս է մնում զբոսաշրջային այցելություններից, քանի որ շրջապատված լինելով նոր գերեզմաններով ու ծածկված լինելով փշերով՝ մնում է այցելուների աչքից հեռու: Վերականգնման ծրագրով նախատեսվում է բարեկարգել նաև եկեղեցիներ տանուղ ուղին, տեղադրել ցուցանակներ:
Միքայել քահանա Շաղոյան - Պետք է ասեմ, որ սա շատ կարևոր ծրագիր է, քանի որ ի տարբերություն շատ այլ վանական համալիրների, Սանահինը շատ ավելի խարխուլ վիճակում է:
Շինարարությունն իրականացնում է մրցույթում հաղթած «Բուրգ» կազմակերպությունը: Ծրագիրը երկու փուլով է, կշարունակվի նաև 2021 -ին: