Բջջային հավելվածը կօգնի վայելելու «Ալմաստ» օպերայից բացառիկ հատված՝ Պավել Լիսիցյանն է, Տաթևիկ Սազանդարյանը, որոնք կրում են Մարտիրոս Սարյանի էսքիզներով ստեղծված հագուստները: 1939-ին Մոսկվայում Հայկական մշակույթի տասնօրյակում Մեծ թատրոնում «Ալմաստը» շռնդալից հաջողություն ունեցավ, որը բնավ պատահական չէր. այս օպերայում միավորված է ազգային գրական, երաժշտական և գեղանկարչական մշակույթի երեք հսկաների հանճարեղ ներուժը:
Ռուզան Սարյան (Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն) - Սարյանի հոբելյանական տարում և Սպենդիարյանի 150-ամյակին ընդառաջ թանգարանը «Ալմաստի» սարյանական էսքիզների ցուցադրություն է կազմակերպել՝ բեմապատկերների, հագուստների 28 օրինակներ, որոնցում խտացել է բեմանկարիչ Սարյանի յուրօրինակ կարողությունը՝ նաև գեղանկարչությունն օժտել սիմֆոնիզմով: Սարյանը միջնադարյան մշակույթի գրեթե բոլոր շերտերն է ներկայացրել իր բեմապատկերներում:
Ռուզան Սարյան - Գրեթե մեկ տասնամյակ առաջ «Ալմաստի» վերջին բեմադրությունը երևանյան օպերայում տեղի ունեցավ առանց Սարյանի բեմանկարչության: Սարյան ընտանիքը վրդովված էր՝ աշխարհին ներկայանալու ևս մի այցեքարտից հրաժարվեցինք: Սակայն Սպենդիարյանի 150-ամյակին ընդառաջ «Ալմաստի» նոր բեմադրություն է նախապատրաստվում՝ ամբողջությամբ սարյանական էսքիզներով:
Ռուզան Սարյան - Սարյանի հզոր գեղանկարչական երևակայությունը բեմական ձևավորման, բեմանկարների և զգեստների վերածելը հսկայածավալ աշխատանք է, որ պետք է իրականացվի Սարյանին արժանի մակարդակով: Եվ վերստին երևանյան օպերայի բեմում կվայելենք երեք հանճարների ստեղծագործական եղբայրությունից ծնված գլուխգործոցը: