Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Չաղլայանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է հայկական «Հրանտ Դինք» հիմնադրամի հասեցին հնչեցված սպառնալիքների գործով առաջին դատական նիստը՝ գրում է Ermenihaber-ը։
2020 թ. մայիսի 27-ին և 28-ին «Հրանտ Դինք» հիմնադրամը ստացել էր գրավոր՝ էլեկտրոնային փոստով ուղարկված սպառնալիք: Այդ մասին հիմնադրամը, ըստ ընթացակարգի, գրավոր կերպով հաղորդել էր Շիշլիի տարածաշրջանի կենտրոնական ոստիկանությանը և Ստամբուլի մարզային վարչությանը: Սպառնալիք պարունակող էլեկտրոնային նամակում նշված էր հետևյալ արտահայտությունը. «Մի գիշեր անսպասելիորեն կգանք»:
Այդ կարգախոսը հաճախ էր հնչեցվում նաև մինչև 2007 թ. հունվարի 19-ը, երբ Հրանտ Դինքը սպանվեց Օգյուն Սամասթի ձեռքով։
Նամակի հեղինակները մեղադրել էին «Հրանտ Դինք» հիմնադրամին «եղբայրության հեքիաթներ» պատմելու մեջ, պահանջել էին, որ նրանք լքեն երկիրը և մահվան սպառնալիք էին հնչեցրել Ռաքել Դինքի և հիմնադրամի իրավաբանի հասցեին:
Ավելի ուշ պարզվել էր սպառնալիք պարունակող նամակի հեղինակների ինքնությունը։ Ձերբակալվել էին Հուսեյին Աթեշը և Էրսին Բաշքանը, որոնց նկատմամբ հարուցվել է քրեական գործ մահվան սպառնալիք հնչեցնելու մեղադրանքով։
Այս հոդվածով Հյուսեին Աթեշի համար նախատեսվում է 7 տարի 6 ամսից մինչև 26 տարի 3 ամիս, իսկ Էրսին Բաշքանի դեպքում նախատեսվում է 2 տարի 6 ամսից մինչև 8 տարի ազատազրկում։