Լոռու մարզի քույր մարզ հանդիսացող Հարգիտա նահանգում այսօր անց է կացվում Տրանսիլվանիայի հունգարահայերի միության կողմից կազմակերպված hայկական արվեստի փառատոնը, որն ավանդական բնույթ ունի և նշվում է արդեն 10֊րդ անգամ:
Համավարակով պայմանավորված իրավիճակից ելնելով՝ հայկական պատվիրակությունը չի կարողացել ներկա գտնվել այս միջոցառմանը և Հարգիտային Գեորգեն քաղաքում անցակցող հանդիսավոր տոնակատարությանը հետևել է տեսակապի միջոցով:
Բարեկամ մարզի գործընկերներին Լոռու մարզից ողջույններ են հղել Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը, Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հերմինե Գասպարյանը: Տոնակատարության առթիվ շնորհավորելով միջոցառման մասնակիցներին՝ Գայանե Մարկոսյանը մասնավորապես նշել է.
«Սիրելի՛ ներկաներ, ազգակիցնե՛ր, մենք երախտապարտ ենք ձեզ այն բանի համար, որ Հայաստանից կիլոմետրեր հեռու էլ ձեր սիրտը չի դադարում բաբախել հայրենիքի սիրով: Մենք վստահ ենք, որ մեր երկու մարզերի փոխշահավետ համագործակցությունը շատ շուտով կտա իր պտուղները, իսկ համավարակի ավարտից հետո հնարավորություն կունենանք փոխադարձ այցեր և արդյունավետ ծրագրեր իրականացնել»,- ասել է նա:
Փառատոնի ընթացքում հնչել են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և Հարգիտայի նահանգապետ Չաբա Բորբոլիի շնորհավորական տեսաուղերձները: Ցուցադրվել է մարզը ներկայացնող փոքրիկ տեսահոլովակ, որին հետևել են հայկական պարերի և երգերի գեղեցիկ կատարումներ: