ՀՀ արդարադատության նախարարությունը խորհրդարան է ներկայացրել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծ, որով փորձ է արվում կանխել կողմերի՝ իրավաչափ նպատակ չհետապնդող այդ վարքագիծը, իսկ դրա դրսևորման պարագայում որոշակի կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել. 1lurer.am-ին տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը:
Նրա խոսքով՝ գործնականում դատավարական իրավունքների իրականացման անվան տակ իրապես կարող են լինել այնպիսի դեպքեր, երբ փորձ է արվում խոչընդոտել քրեական գործերի պատշաճ քննությունը: Ըստ Սարգսյանի՝ որևէ իրավաչափ նպատակ չհետապնդող այդ վարքագիծը կանխելու, ինչպես նաև դրա դրսևորման պարագայում որոշակի կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու նպատակով համապատասխան կառուցակարգեր են նախատեսվել Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով: Այն ներկայացվել է Ազգային ժողով:
«Նախագծով նախ քրեական վարույթի սկզբունքի մակարդակով ամրագրվել է ոչ իրավաչափ վարքագծի արգելքը, որը պահանջում է վարույթի մասնավոր մասնակիցներից և վարույթին օժանդակող անձանցից իրենց իրավունքներից օգտվել և իրենց պարտականությունները կատարել բարեխղճորեն, և արգելում է իրավունքի չարաշահումը, որը վնաս է հասցնում այլ անձանց կամ արդարադատության շահերին»,- ասաց Արփինե Սարգսյանը:
Նա կարևորեց այն, որ նախագիծը չի սահմանափակվում միայն սկզբունքի ամրագրմամբ, այլ նախատեսում է նաև իրավունքների չարաշահում թույլ տված անձի նկատմամբ սահմանված դեպքերում նրա վարքագծին համաչափ դատավարական սանկցիայի կիրառում, եթե այն չկիրառելը կարող է վտանգել վարույթի բնականոն ընթացքը:
Իրավունքների չարաշահման դեմ, Սարգսյանի խոսքով, գործուն միջոց է նախատեսվել իրավունքի իրականացման սահմանափակում սանկցիայի տեսքով: Մասնավորապես՝ նախագծով նախատեսվել են կոնկրետ իրավունքներ, օրինակ՝ միջնորդություն հարուցելու, բացարկ հայտնելու, պաշտպանից հրաժարվելու և այլն, որոնց պարբերաբար չարաշահման պարագայում կարող է կիրառվել նշված սանկցիան, այսինքն՝ համապատասխան որոշմամբ կարող են սահմանվել նշված իրավունքների իրականացման համար ժամանակային կամ քանակական պայմաններ:
Իրավունքի իրականացման սահմանափակումը կարող է կիրառվել նաև վարութային գործողությանը նույն անձի մի քանի պաշտպանի, լիազոր ներկայացուցչի կամ փաստաբանի ներկայանալու դեպքում: Սարգսյանի խոսքով՝ այդ դեպքում իրավունքի իրականացման սահմանափակումը դրսևորվում է տվյալ վարութային գործողությանը մասնակցելու հնարավորություն տալով ոչ բոլոր պաշտպաններին, լիազոր ներկայացուցիչներին կամ փաստաբաններին:
«Կարևոր է, որ իրավունքի չարաշահման կանխարգելումը չհանգեցնի իրավունքի բուն էությունը չիրացնելուն: Իրավունքի չարաշահման արգելքի և դրանով հանդերձ իրավունքի բուն էությունը չբացառելու միջև անհրաժեշտ հավասարակշռությունն ապահովելու նպատակով նախատեսել ենք, որ նշված դատավարական սանկցիայի կիրառումը չպետք է բացառի համապատասխան իրավունքի բուն իրացումը: Օրինակ՝ չպետք է լինեն այնպիսի իրավիճակներ, երբ սանկցիայի կիրառումը հանգեցնի պաշտպանության հիմնարար իրավունքի ծավալային այնպիսի սահմանափակման, որպիսի պայմաններում անձի համար կստեղծվեն անբարենպաստ պայմաններ պաշտպանության իրավունքի իրական իրացման համար»,- ասաց Սարգսյանը՝ շեշտելով, որ ստացվում է՝ մի կողմից ապահովվում է իրավունքների չարաշահման դեպքում վարույթի պատշաճ իրականացման համար համապատասխան միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, մյուս կողմից՝ երաշխավորում անձի՝ իր իրավունքներից օգտվելու հնարավորությունը: