Բանակի կենտրոնական մարզական ակումբը հայկական ֆուտբոլում լուծում է բազմաթիվ խնդիրներ, սակայն դրանց շարքում, թերևս, կա մեկը, որը որպես ուղերձ` հասցեագրած է բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե Հայաստանում միայն հայ ֆուտբոլիստներով հաջողության հասնել ու կայուն խաղով աչքի ընկնել գրեթե անհնար է։
Նախորդ մրցաշրջանի վերջնամասում արդեն ԲԿՄԱ-ն իր վրա ուշադրություն բևեռեց ստաբիլ ելույթներով ու մրցաշարային աղյուսակում վաստակած միավորներով։ Կորոնավիրուսային դադարը մի շարք ակնկալիքներ ստիպեց թողնել կիսատ, սակայն հիմնական նպատակն այժմ էլ մնում է մեկը՝ հաղթել բոլոր խաղերում։
Կայուն ելույթների երաշխիքներից մեկը թիմային աշխատանքն ու փոխըմբռնման այն բարձր միջավայրն է, որը կա ակումբի պատասխանատուների ու մարզչական շտաբի միջև։ Գլխավոր մարզիչը, սակայն, կարծում է, որ ԲԿՄԱ-ի մասին խոսելիս դեռ վաղ է նախագիծն ավարտուն համարել:
Մի շարք բաղադրիչներ կան, որոնցով արդեն կարելի է նկատել ԲԿՄԱ-ի տարբերությունն այլ ակումբներից։ Կարգապահությունը, մաքրասիրությունը, փոխադարձ հարգանքը թիմի ներսում. գործոններ որոնք օգնում են բանակայիններին խաղից խաղ որակապես ավելի լավ ֆուտբոլ ցուցադրել։
Բանակայինների պատիվը բարձր պահող ֆուտբոլիստները ևս իրենց մաշկի վրա զգում են տարբերությունը։ Չէ՞ որ, վերջիվերջո, նրանք բանակային ակումբ են՝ կարգապահությունն այստեղ այլ մակարդակի վրա է։
Բազմաթիվ գործոններ կան, որոնք օգնում են երիտասարդ տղաներին ունենալ ներքին վստահություն՝ ԲԿՄԱ-ում խաղալուց հետո իրենք ֆուտբոլային հասունության այլ մակարդակում են լինելու։ Սեփական փորձով նրանց հետ կիսվում է մարզչական կարիերայում առաջին քայլերը կատարող հայկական ֆուտբոլի ոչ վաղ անցյալի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը՝ Էդգար Մանուչարյանը։
ԲԿՄԱ-ն Ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնության հերթական տուրում հանդիպելու է «Վեսթ Արմենիայի» հետ։ Գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի միակ ու գլխավոր հրահանգը մեկն է բանակայիններին՝ հաղթել յուրաքանչյուր խաղում։