Արմավիր գյուղի դպրոցի դռները չեն փակվել նույնիսկ արձակուրդի օրերին։ Հակահամաճարակային բոլոր կանոնները պահպանելով՝ ելումուտ են արել շինարարները։ 44 տարեկան կրթօջախն առաջին անգամ հիմնանորոգվում է։ Նորոգվում է տարրական դպրոցի մասնաշենքը՝ կառավարման խորհրդի որոշմամբ, դպրոցի տնտեսած միջոցներով։
Ռուզաննա Ասմարյան (Արմավիր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն) - Գումարը տնտեսել ենք երկու տարիվա ընթացքում, որ լավ դասասենյակներ ու սանհանգույցներ ունենանք։
Ուսումնական տարվա ուշ մեկնարկն ինչ-որ առումով շահեկան էր դպրոցի համար։ Վերանորոգումից հետո ժամանակ էր պետք՝ թոթափվելու շինարարական աղբ ու փոշուց։ Մաքրման աշխատանքներին ներգրավվեց նաև ուսուցչակազմը։ Նորոգված ու լուսավոր դասասենյակներն արդեն պատրաստ են ընդունելու սաներին։
Միջին դպրոցում սովորող Մովսեսին բախտ չվիճակվեց հարմարավետ պայմաններում կրթություն ստանալ։ Կրտսեր դպրոցականներին խորհուրդ է տալիս՝ աչքի լույսի պես պահպանել այն, ինչն իր սերունդը չունեցավ։
Դպրոցական նոր գույք էլ ունեն․ ԱՄՆ-ի «Հայ դպրոց» հիմնադրամն է նվիրել։ Իսկ իրենց հին սեղան-աթոռները կնվիրեն հարևան գյուղի դպրոցին։
Ռուբեն Ազիզյան (Արմավիր գյուղի միջնակարգ դպրոցի զինղեկ) - Սրանք հինն են, բայց նորերն արդեն ամրացված են։
Մասնաշենքը նույնիսկ սանհանգույց չի ունեցել։ Երեխաները տարիներ շարունակ օգտվել են դրսում հարմարեցված պապենական զուգարանից։ Համագյուղացիներից մեկի ֆինանսավորմամբ տարրական մասնաշենքում նաև սանհանգույցներ կառուցվեցին ու կահավորվեցին։ Հիմա էլ մտածում են ջեռուցման մասին։ Նախահաշիվն արդեն կազմել են, շուրջ 3 մլն դրամ է պետք մասնաշենքը տաքացնելու համար։
Հովհաննես Միքայելյան (Արմավիր գյուղի բնակիչ) - Նախահաշիվն ուղարկելու եմ «Իմ քայլը» հիմնադրամ, տեսնենք՝ կօգնե՞ն, եթե ոչ՝ կդիմենք այլ միջոցների։
Այլ միջոց ասելով ակտիվիստը նկատի ունի համայնքի բնակիչների հանգանակությունը։ Նման փորձ արդեն ունեն․ գյուղը մեկ եղավ, գումար հավաքեց ու մանկապարտեզում ջեռուցում անցկացրեց։ Ասում են՝ եթե դպրոցի տնտեսած միջոցները չներեն բարեկարգել կրթօջախի տարածքը, օգնության կհասնի համայնքը։