Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը բաց նամակ է հղել Ադրբեջանի իշխանությանը և դիվանագիտական կորպուսին: Պատասխանելով Միացյալ թագավորությունում Ադրբեջանի դեսպան Թահիր Թաղիզադեի հակահայկական նախաձեռնություններին՝ բարոնուհին անդրադարձել է Արցախի պատմությանը՝ նշելով, որ Ստալինի օրոք 95 տոկոսով հայաբնակ Արցախը հանձնվել է Ադրբեջանին, որն էլ յուրացրել է հայկական տարածքը՝ այն կտրելով Հայաստանից:
- Ջերմագույն ողջույններ Հայաստանից, բարոնուհի:
- Բարև ձեզ
- Դուք քիչ քաղաքական գործիչներից էիք, որ խոսեց հայ-ադրբեջանական սահմանի հուլիսյան դեպքերից: Դուք նամակ գրեցիք Միացյալ Թագավորության արտգործնախարար Դոմինիկ Ռաաբին: Ի՞նչ պատասխան ստացաք:
- Պատասխանը պաշտոնական էր: Ես Բրիտանիայի խորհրդանում հայ-բրիտանական բարեկամական խմբի փոխնախագահն եմ, նախագահը շատ անաչառ է, շատ լավ աշխատեց այդ օրերին և այդ թեման քննարկեց արտգործնախարարության հետ և, բնականաբար, նամակում մտահոգություն և աջակցություն կար: Բայց հիմա նոր գործողությունների կարիք կա:
- Ի՞նչ եք կարծում, այդ պատասխանի վրա ազդե՞լ է ադրբեջանական լոբբին: Տեղեկություններ կան, որ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանը շարունակական քայլեր էր անում խորհրդարանականներին ցույց տալու համար, որ Ձեր հնչեցրած հայտարարություններն անաչառ չեն: Կարծում եք նավթը, առևտուրը, տնտեսական կապերը կարո՞ղ էին ազդել արտգործնախարարի ոչ շատ հստակ արձագանքի վրա:
Կարծում եմ՝ խնդիրն այն է, որ Ադրբեջանը շատ հզոր քարոզչամեքենա ունի, և այդ քարոզը շատ աղճատված է: Ինձ զայրացրին նրանց ձևակերպումները. ադրբեջանցիներն աղավաղել էին պատմությունը, նրանք Արցախի սխալ պատմություն են ներկայացնում: Ես շատ դրական արձագանք եմ ստացել նամակիս, որովհետև ներկայացրել եմ պատմությունը և նկարագրել եմ ներկա վիճակը: Շատ մարդիկ, որ աջակցում են Հայաստանին, չգիտեն իրական փաստերը, չգիտեն, թե ինչ քարոզ է տանում Ադրբեջանը: Դրա համար իմ նամակի նպատակներից մեկը փաստերը բոլորի համար հասանելի դարձնելն էր, որպեսզի երբ լսեն Ադրբեջանի ներկայացրածը, իմանան ճշմարտությունը, ոչ թե այն, ինչ նրանք են քարոզում: Հուսով եմ, որ այն օգտակար կլինի հատկապես Հայաստանի աջակիցների համար, ովքեր չգիտեն, թե ինչպես արձագանքեն ադրբեջանական մեղադրանքներին: Խորհրդարանական խմբի աջակցությունը վայելող այդ նամակը ձեր միջազգային աջակիցներին պետք է ցույց տա իրական պատմությունը, այն, որը չի ենթարկվել ադրբեջանական կեղծիքին:
- Ի՚նչ եք կարծում, ի՞նչ պետք է անի Մեծ Բրիտանիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբը: Ո՞րն է գործակցության Ձեր տեսլականը: Ի՞նչ օրակարգ ունեք:
- Ամենակարևորը` ճշմարտությունը հասանելի դարձնելն է: Պետք է բոլորն իմանան Ադրբեջանի գործողությունների նկարագիրը. շատերն են անտեղյակ: Օրինակ՝ հայ սպայի սպանությունը քնած ժամանակ, որի համար ադրբեջանցին փառաբանվեց և ազգային հերոս դարձավ: Մինչդեռ նա պետք է բանտ նստեր: Պետք է պատմել վերջին իրադարձությունների ժամանակ հայերի նկատմամբ արած դաժանությունները, պետք է ասել, որ ցուցարարները Բաքվում բղավում էին` «Մահ հայերին», որ այդ երկրի իշխանությունը սպառնում էր հարվածել Մեծամորի ատոմակայանին: Սա բացարձակ անընդունելի և շատ անհանգստացնող քաղաքականություն է: Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է ծանոթ լինի այս նախապատմությանը, որ չենթարկվի Ադրբեջանի հզոր քարոզչական ռեժիմին: Ինչքան շատ մարդ իմանա ճշմարտությունը, այնքան հեշտ կլինի դիմակայել Ադրբեջանին: Հուսով եմ, որ կկարողանամ տեղեկացնել Հայաստանի աջակիցներին, որ նրանք հակադարձեն ադրբեջանական ապատեղեկատվությանը: Ճշմարտությունն ու արդարությունը Հայաստանի կողմից են, դրա մասին պետք է իմանան: Համեստորեն առաջարկում եմ, որ ձեր աջակիցները միավորեն ուժերը:
- Բացի Հայաստանի հետ Ձեր քաղաքական բարեկամությունը, նաև դեռ 90-ականներից Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին եք: Դուք արցախցիների հետ եք եղել կյանքի համար նրանց պայքարի տարիներին և շատ երեխաների կնքամայրն եք: Նրանց հետ կապ պահո՞ւմ եք:
- Այո, ես միշտ կապ եմ պահում հայերի հետ, ես շատ եմ սիրում Ձեզ: Հուսով եմ՝ գիտեք դա: Շատ եմ այցելել ձեր երկիր, ձեր ազգի նկատմամբ իմ հիացմունքն ամեն անգամ ավելանում է: Ձեր հաղթանակը դուք կերտում եք անսահման քաջությամբ: Աշխարհը պարտական է Հայաստանին և Արցախին՝ ազատության համար, պայքարի այդ օրինակի համար: Դուք շարունակում եք ապրել, որովհետև պատերազմի մոխիրներից գեղեցկություն եք կերտում: Այս տարի պատրաստվում էի նորից գալ Հայաստան, կորոնավիրուսը դա անհնար դարձրեց: Բայց ես կվերադառնամ՝ որքան հնարավոր է շուտ և որքան հնարավոր է հաճախ:
- Բարոնուհի, մենք միշտ սպասում ենք Ձեզ: Որևէ ուղերձ ունե՞ք միջազգային հանրությանը, որ, այսպես ասած, երբեմն աչք է փակում սահմանին կատարվող իրադարձությունների վրա:
- Ես միջազգային հանրությանն առաջարկ ունեմ: Այն, ինչ Ադրբեջանն արեց Հայաստանի սահմանին, երբ կրակեց մանկապարտեզի վրա, երբ հարվածեց կորոնավիրուսի դեմ պայքարի համար դիմակներ արտադրող գործարանին, դաժանության առանձնահատուկ դրսևորումներ էր: Դա պատերազմ էր առանց պատճառի: Ես առաջարկում եմ խստորեն դատապարտել այդ գործողությունները, հասկանալ նախապատմությունը, չենթարկվել ադրբեջանական քարոզչամեքենային: Աշխարհի հայ համայնքը պետք է խոսի Նախիջևանի մասին, որ հայկական էր, բայց հիմա ամբողջովին բնակեցված է ադրբեջանցիներով: Ես հայկական գյուղում եմ եղել, երբ հարձակվել են դրա վրա: Այն, ինչ Ադրբեջանն արեց հայերի դեմ, հանցագործություն էր մարդկության դեմ, որը պետք է հանրայնացնել: Կոչ եմ անում Հայաստանի աջակիցներին՝ Ֆրանսիային, Կանադային, ավելի շատ պաշտպանել Հայաստանի դիրքորոշումը. Արդրբեջանն ունի պրոպագանդա, դուք ունեք ճշմարտություն. դուք պետք է օգտագործեք ճշմարտությունը՝ քարոզի փոխարեն: Հուսով եմ, որ իմ նամակը նպաստելու է դրան:
- Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը միշտ եղել է Ձեր օրակարգում: Հիմա որո՞նք են հայ-բրիտանական խորհրդարանական խմբի առաջնահերթ թեմաները:
- Սա նոր խումբ է, որն ունի շատ լավ նոր ղեկավար Համայնքների պալատից, ես փոխնախագահն եմ: Խմբում շատերը եղել են Արցախում: Հուսով եմ, որ մյուսներն էլ կկարողանան գալ առաջիկայում՝ տեսնելու համար իրականությունը, հանդիպելու արցախցիներին:
- Շնորհակալ եմ բարոնուհի Քոկս: Պատիվ ունենք:
- Ողջույններս հիասքանչ հայ ժողովրդին, դուք իմ սրտում, մտքում և աղոթքներում եք: