Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ և Խնձորեսկ համայնքում մասնակցել Սպարապետի օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին։ Վարչապետին ուղեկցել են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:
Նիկոլ Փաշինյանը նախ այցելել է Մխիթար Սպարապետի գերեզման, ծաղիկներ խոնարհել Սպարապետի շիրմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին։ Այնուհետև տեղի է ունեցել առանձին զրահատանկային գումարտակի 15 զինծառայողի զինվորական երդման արարողությունը, ընթերցվել է Սպարապետի խոսքը, հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողնե՛ր, շնորհավորում եմ ձեզ զինվորական երդումն ընդունելու կապակցությամբ»,- ողջույնի խոսքում նշել է վարչապետը, ապա անհատապես շնորհավորել զինծառայողներին։
Նիկոլ Փաշինյանը քայլել է Խնձորեսկի ճոճվող կամրջով և դիտել կամրջի հարակից տարածքում Սպարապետի օրվա առթիվ պատրաստված երաժշտական ցուցադրական ելույթները։
Վարչապետն այնուհետև այցելել է Խնձորեսկի համայնքապետարանի հարակից տարածք, որտեղ նրան ջերմ ծափողջույններով դիմավորել են խնձորեսկցիները։ Վարչապետը և բարձրաստիճան հյուրերը ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին, այնուհետև ներկայացվել են ցուցադրական ելույթներ: Վարչապետը զրուցել է բնակիչների հետ, շնորհավորել նրանց Սպարապետի օրվա առթիվ։
Կառավարության ղեկավարը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է նաև Գորիս, ծանոթացել քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես, Հին Գորիսի վերականգնման ընթացքին:
Դիտակետին հարակից տարածքը նախկինում եղել է շինարարական աղբավայր. վերակառուցվելուց հետո այն հավակնում է դառնալ քաղաքի գրավիչ վայրերից մեկը: Դիտակետից բացվում է «ժայռերի քաղաք» Հին Գորիսի տեսարանը: Նախագիծն իրականացվում է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 99 մլն դրամ, որից 40 տոկոսը՝ համայնքի ներդրումը: Ծրագիրն ուղղված է մրցունակ զբոսաշրջային ծառայությունների մեծ ներուժի զարգացմանը: Ըստ պատասխանատուների՝ վերակառուցումից հետո տարածքը բավականին մրցունակ է բիզնեսի զարգացման և ներդրումների համար։ 2020 թվականին արդեն իսկ սկսել են գործել հյուրանոց և ռեստորան։ Ենթադրվում է, որ 2021-2022 թթ. կստեղծվեն սպասարկման նոր և մրցունակ ծառայություններ, քանի որ արդեն իսկ մի շարք բիզնես-առաջարկներ են քննարկվում։
Վարչապետը շրջել է նաև Հին Գորիս պատմամշակութային կենտրոնով, ծանոթացել այստեղ իրականացվող վերականգնման աշխատանքների ընթացքին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է իրականացվող ծրագրերը, որոնք նոր ազդակ կհաղորդեն Գորիսում զբոսաշրջության զարգացմանն ու քաղաքի գրավչության բարձրացմանը: