ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակն ամենամեծ հիմնախնդիրներից մեկն է միջազգային կառույցի պատմության մեջ: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի համավարակի դեմ հավաքական պայքարի բանաձևում՝ փոխանցում է Lenta.ru-ն:
Բանաձևի օգտին քվեարկել են ՄԱԿ-ի անդամ երկրներից 169-ը: Փաստաթղթին դեմ են հանդես եկել Միացյալ Նահանգներն ու Իսրայելը, ձեռնպահ են մնացել Ուկրաինան ու Հունգարիան:
Բանաձևում ասվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր մտահոգությունն է հայտնում համավարակի հետ կապված խտրականության աճի, ատելություն, ռասիզմ և այլատյացություն սերմանելու կապակցությամբ: Հեղինակները պահանջում են պայքարել դրա դեմ:
Միաժամանակ, ՄԱԿ-ը երկրների կառավարություններին հորդորել է համավարակի դեմ պայքարի ենթատեքստում պատասխան միջոցներ ձեռնարկել: Այս պարագայում խոսքը առողջապահության համակարգի ամրապնդման մասին է: