Կորանավիրուսի դեմ 6-ամսյա պայքարից հետո Հայաստանում արտակարգ դրությանը փոխարինվեց կարանտինով. երկրում համավարակի դեմ պայքարը շարունակվում է: Տեսչական մարմինները, որ արտակարգ պայմաններում են աշխատել, արձանագրում են՝ հանրային գիտակցության մեջ փոփոխությունն ակնհայտ է:
Արթուր Ասոյան, տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար - Դա տեսանելի է և բիզնես միջավայրում, հուսով եմ` մեր քաղաքացիները նկատել են այդ փոփոխությունը. Տեսանելի է նաև փողոցներում՝ դիմակների կրելու առումով, որն անհամեմատելի է արտակարգ դրության սկզբնական ժամանակահատվածի հետ:
Կորոնավիրուսով չվարակվելու և ուրիշին չվարակելու համար դիմակը պարտադիր կրելու պայմանն ուժի մեջ է: Կարանտին կլինի մինչև 2021-ի հունվարի 11-ը: Համավարակի երկրորդ ալիքը կանխելու համար ևս կլինեն մի շարք սահմանափակումներ: 180 օր արտակարգ պայմաններում ապրելով` քաղաքացիներն ընդունում են՝ համավարակի օրերին ավելի զգուշավոր ու պատասխանատու են դարձել:
Արտակարգ դրության վերացումը չի ենթադրում, որ հանրային տրանսպորտը վերահսկողությունից դուրս է գալու: Ըստ Արթուր Ասոյանի՝ հետևում են, գրանցում գերբեռնված երթևեկություն, բայց չեն ուզում երթուղի կասեցնել, քանի որ դրանով մյուս մեքենաների ծանրաբեռնվածությունը կմեծանա.
Արթուր Ասոյան, տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար - Զավեշտը նրանում է, որ քաղաքացիները, գերբեռնված տրանսպորտում գտնվելով, նկարում են և ուղարկում՝ բողոքելով, որ տրանսպորտը գերբեռնված է: Ես ուղղակի հորդորում եմ մեր քաղաքացիներին, եթե տրանսպորտը գերբեռնված է, ուղղակի պետք չի օգտվել տրանսպորտային միջոցից:
Անվտանգության կանոնները չպահպանելու համար տեսչական մարմիններն այսուհետ կասեցումներ չեն իրականացնի, իսկ թե ինչ է նախատեսվում, պարզաբանում է Արթուր Ասոյանը.
Արթուր Ասոյան, տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար - Կիրառելու ենք պատասխանատվության միջոցներ՝ վարչական տույժի տեսքով նախազգուշացում, այնուհետև պատասխանատվություն` դրամական տեսքով:
Նոր որոշմամբ՝ հանրային միջոցառումները՝ ծնունդ, հարսանիք, հոգեհանգիստ և հուղարկավորություն, թույլատրվելու է 40-ի փոխարեն 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ: