ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր մասնակցել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական 28-րդ ֆորումի եզրափակիչ հանդիպմանը հեռավար ձևաչափով, որն անցկացվում էր սեպտեմբերի 10-11-ը Պրահայում:
Փոխնախարարը Ֆրանսիայի, Գերմանիայի, UNECE-ի և EEAS-ի ներկայացուցիչների հետ համատեղ որպես բանախոս ելույթ է ունեցել «Կոռուպցիայի կանխարգելումը և դրա դեմ պայքարը բնական ռեսուրսների և բնապահպանության ոլորտում» խորագրով նիստի շրջանակում:
Ներկայացվել են Հանրապետական երկրաբանական ֆոնդ ՊՈԱԿ-ի թվայնացման աշխատանքները, հանքարդյունաբերության ոլորտում հարկային, պայմանագրային, թույլտվությունների և այլ ուղղութուններով թափանցիկության և հաշվետվողականության բարեփոխումները:
Առանձին անդրադարձ է կատարվել ոլորտում իրական սեփականատերերի՝ վերջնական շահառուների հայտարարագրման համակարգի ներդրմանը և միջազգային կառույցների կողմից վերջին մեկ տարվա ընթացքում արժանացած բարձր գնահատականներին, այդ թվում՝ նորարարական մոտեցումների և տեխնոլոգիաների համար:
ԵԱՀԿ 28-րդ տնտեսական և բնապահպանական ֆորումի եզրափակիչ հանդիպումը կազմակերպվել է Ալբանիայի ԵԱՀԿ նախագահության և ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի գրասենյակի կողմից:
ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական ֆորումը ԵԱՀԿ տարածաշրջանում տնտեսական և բնապահպանական հարցերի քննարկման գլխավոր հարթակն է: Դրա նպատակներն են բացահայտել առաջնահերթ հարցերն ու կարիքները, խթանել ԵԱՀԿ 57 անդամ երկրների իրազեկության բարձրացումն ու քաղաքական կամքը` տնտեսական, բնապահպանական և անվտանգության հետ կապված մարտահրավերների հաղթահարման գործում՝ ապահովելով երկխոսության հարթակ միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, գործարար և գիտական ոլորտի ներկայացուցիչներին ներգրավելու և լավագույն փորձով փոխանակվելու նպատակով: