Ավանդույթի համաձայն` կրթության և գիտության պատասխանատուները Գիտելիքի օրն սկսում են Մայր Աթոռից։ Նրանք մայրավանք են գալիս՝ Ամենայն հայոց հայրապետի օրհնությունը ստանալու, միասնական աղոթք հնչեցնելու համար։ Համավարակի պատճառով օրհնության կարգն այս տարի երկու շաբաթ ուշացավ։ Հայ դպրության մշակները Տրդատ արքայի բաց խորանում ստացան Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունն ու լսեցին պատգամը։
Հայեցի կրթությունն այնտեղ է, որտեղ քրիստոնեական արժեքներն են,- ասում են կրթագիտական համայնքի ներկայացուցիչները։ Որևէ մարտահրավերի, այդ թվում՝ համավարակի առջև կանգ չառնելով, նրանք պատրաստ են հայեցի կրթություն, գիտելիք ու փորձ տալ 21-րդ դարի դպրոցականին։
Տ․ Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան, ՔԴԿ տնօրեն - Համավարակի այս դժվար օրերին մեր ուսուցիչները, կրթության նվիրյալները ցույց տվեցին, որ կարող են ավելին անել: Փառք Աստծո, ուրախությամբ ենք արձանագրում, որ եկեղեցին եղել է ու կա դպրոցի կողքին։
Նոր ուսումնական տարին հոգևոր լիցքերով սկսելը պատահական չէ: Եկեղեցին էր, որ դարեր շարունակ անմար պահեց հայ լուսավոր մտքի կանթեղը: Պետության դժվար օրերին Մեսրոպատառ գիրը հայ մանկանը փոխանցվեց հենց եկեղեցում:
Միայն պետականամետ ուղղվածությամբ կրթական համակարգը կարող է դաստիարակել այնպիսի քաղաքացիներ, որոնք պատիվ կբերեն իրենց երկրին ու պետությանը՝ ասում են դասավանդման հարուստ փորձ ունեցողները։ Նրանց կարծիքով՝ դպրոց-եկեղեցի փոխգործակցությունը հոգևոր դաստիարակության նշաձողն էականորեն բարձրացրել է կրթական հաստատություններում:
Շնորհավորանքներն ու բարեմաղթանքները շատ էին, ցանկությունները՝ տարբեր։ Ընդհանուր էր ցանկությունը, որ համավարակը շուտափույթ նահանջի, որ դասերը չընդհատվեն, ուսումնական գործընթացը չխաթարվի։