«Հայաստան» համահայկական հիմնադրամն ամփոփում է «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» դրամահավաք-արշավը, որի արդյունքում հավաքվել էր շուրջ 312,000 ԱՄՆ դոլար։
Հանգանակությունը փոխանցելիս դրամահավաք-արշավին միացավ նաև «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ նվիրաբերելով 100,000 ԱՄՆ դոլար։ Այսպիսով, հավաքված գումարը կազմում է 412,000 ԱՄՆ դոլար, որից 310,000 դոլարը համամասնաբար բաշխվում է Լիբանանում գործող կրթական հաստատությունների ուսուցիչների 2020-2021 թթ․ ուսումնական տարվա 1-ին եռամսյակի աշխատավարձ վճարելու նպատակով։ Ավելացված 100,000 դոլարը կտրամադրվի կրթական ծրագրերի իրականացմանը։ Միևնույն ժամանակ, հավաքված գումարից 13,000 դոլար կտրամադրվի Լիբանանում գործող «Արարատ», «Զարթոնք», «Ազդակ», «Վանա Ձայն», «Ռադիո Սևան» լրատվամիջոցներին։
«Լիբանանահայերը մշտապես մեծ նվիրումով սատարել են թե' հայրենիքին, թե' սփյուռքի համայնքներին։ Այժմ մեր գործելու ժամանակն է։ Հանգանակված գումարը որոշ չափով կթոթափի սոցիալ-տնտեսական դժվարությունները, որ ահագնացել են Բեյրութի աղետալի պայթյունի հետևանքով»,- նշում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, որը գտնվում է Բեյրութում՝ նվիրատվությունն անձամբ փոխանցելու առաքելությամբ։
Հայկակ Արշամյանը նաև հյուրընկալվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Վեհափառին։ Վեհափառը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունն ի նպաստ Հայաստանի և Սփյուռքի կայունության և հզորացման։
Շնորհակալություն ենք հայտնում Լիբանանում ՀՀ դեսպանությանը՝ ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանի, այցի ընթացքում ցուցաբերած մշտական աջակցության համար։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի օժանդակությունը Լիբանանում գործող հայ կրթական հաստատություններին և լրատվամիջոցներին շարունակական բնույթ է կրում։ Այն սկիզբ է առել դեռևս 2019 թ. դեկտեմբերին, երբ երկրում խորացավ տնտեսական ճգնաժամը։ Ընդհանուր առմամբ հիմնադրամը վերջին 9 ամիսների ընթացքում ավելի քան 600,000 դոլարի օգնություն է ցուցաբերել։
«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր նվիրատուներին, աշխարհասփյուռ հայ համայնքներին և իր տեղական մարմիններին անվերապահ աջակցության և վստահության համար։