ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այսօր շրջայց է կատարել մարզկենտրոնի շինարարական օբյեկտներում, ծանոթացել ընթացող աշխատանքներին:
Համբարձում Մաթևոսյանը նախ եղել է մարզպետարանի հարակից այգում, ուր այժմ «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում զբոսայգու կառուցման աշխատանքներ են ընթանում: Ծրագիրը հավանության է արժանացել Արմավիրի մարզպետարանում կայացած Զբաղվածության մարզային հանձնաժողովի նիստում և իրականացվում է Արմավիրի քաղաքապետարանի հետ համատեղ:
Մարզպետին ներկայացվել է, որ ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում այժմ կառուցվում ու սալիկապատվում են զբոսայգու ճեմուղիները, որից հետո անցկացվելու է լուսավորության համակարգ, տեղադրվելու են նստարաններ ու աղբամաններ: Զբոսայգին կամբողջանա ճարտարապետական օժանդակ շինություններով և շատրվանով, իսկ շահագործման կհանձնվի 2020 թվականի վերջին:
Այնուհետև մարզպետը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով ընթացող շինաշխատանքներին, որոնց շրջանակում նախատեսված է Աբովյան 139 բնակելի շենքից Բաղրամյան 25 բնակելի շենքերի միջև գտնվող միջբակային ճանապարհի և բակային տարածքների ասֆալտապատում, ինչպես նաև Չարենցի փողոցի Երևանյան-Շահումյան և Շահումյան փողոցի Չարենց-Ջիվանի հատվածների հիմնանորոգում:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 216 մլն 127 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 97 մլն 257.15 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 118 մլն 869.85 հազ. դրամ:
Քաղաքապետը մարզպետին ներկայացրել է, որ Աբովյան 139 բնակելի շենքից Բաղրամյան 25 բնակելի շենքերի միջև գտնվող միջբակային ճանապարհահատվածում և բակային տարածքներում բնակելի 12 շենքի շահագործման տարիներից` 1980-ական թվականներից մինչ օրս հիմնանորոգման աշխատանքներ չեն իրականացվել` լուրջ խոչընդոտներ առաջացնելով հետիոտների և վարորդների համար:
Դավիթ Խուդաթյանի խոսքով` Չարենցի փողոցի Երևանյան-Շահումյան և Շահումյան փողոցի Չարենց-Ջիվանի հատվածները, հարակից լինելով քաղաքային շուկային, առևտրի ու սպասարկման կենտրոններին, քաղաքի ամենածանրաբեռնված ու դժվարանցանելի փողոցներն են հանդիսացել, որոնք տարիներ շարունակ հավելյալ խնդիրներ են առաջացնում անվտանգ երթևեկի համար:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ճանապարհի երթևեկելի մասի 12000 մ, մայթերի` 4100 մ ասֆալտապատում, 4350 մ բազալտե և բետոնե եզրաքարերի փոխարինում ու տեղադրում, 12000 մ ճանապարհային նախաշերտով հիմնային աշխատանքների իրականացում, ինչպես նաև 750 մ ջրատար առուների, խողովակների կառուցում:
Այնուհետև մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է Արմավիր քաղաքի Մխիթար Հերացու փողոցի թիվ 5 հասցեի պետական գույքի հաշվեկշռում գտնվող և չօգտագործվող շինություն, ծանոթացել «Ամրակ» ԲԲԸ-ի տնօրենի հետ համագործակցության արդյունքում իրականացվող ամրացման աշխատանքներին:
Մարզպետին տեղեկացվել է, որ այս փուլում ընթացող շինաշխատանքներին կհաջորդի վերանորոգումն ու բնակելի տարածքի վերաձևումը և որպես բնակարաններ Արմավիր քաղաքի Մովսես Սիլիկյան փողոցի թիվ 1 այրված և թիվ 9 վթարային շենքերի թվով 26 ընտանիքի անհատույց տրամադրումը:
Համբարձում Մաթևոսյանի շրջայցն ամփոփվել է քաղաքի կենդանաբանական այգի այցելությամբ, որի ընթացքում մարզպետը ծանոթացել է այգու ընդհանուր պայմաններին և տնօրինության հետ քննարկել զարգացման հնարավոր տարբերակները: