Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU) հայտարարել է մրցույթ և ընդունում է հայտեր նորարարական փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) 2020 թ. համաշխարհային առցանց մրցանակաբաշխության համար (ITU Digital World SME Virtual Awards 2020)։ Մրցանակները օգնելու են նորարարական փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ)՝ կատարելագործելու իրենց ներկայացման հմտությունները (pitching skills), ցուցադրելու նոր լուծումներ, հաստատելու կապեր, ներգրավելու ներդրումներ՝ իրականացնելով այս ամենը առցանց միջոցներով:
Դիմումների վերջնաժամկետը ս.թ. հոկտեմբերի 5-ն է, մրցույթի արդյունքները հայտարարվելու են 2020 թ. դեկտեմբերին։
Մասնակցության հայտ կարող են ներկայացնել բոլոր ՓՄՁ-ները` հետևյալ չորս անվանակարգերում՝
ա) փոխկապակցման հնարավորություններ (Connectivity).
բ) խելացի քաղաքներ, խելացի կենսակերպ (Smart cities, smart living).
գ) էլեկտրոնային առողջապահություն (E-health).
դ) թվային ֆինանսներ (Digital finance)։
Մրցույթի չափանիշներին համապատասխանող դիմորդները ս.թ. նոյեմբերին մասնակցելու են առցանց վարպետաց դասերի։ Ընտրված թեկնածուները կկարողանան իրենց ձեռքբերումները ներկայացնել ներդրողներից, ձեռներեցներից և տեխնիկական ոլորտի մասնագետներից բաղկացած ժյուրիի քննարկմանը։
Մրցույթի հաղթողները ոչ միայն կստանան հավաստագրեր, ճանաչում ՄԱԿ-ի կողմից, այլ նաև կստանան հնարավորություն՝ մասնակցելու 2021 թ. վերջին եռամսյակում Հանոյում (Վիետնամ) կայանալիք «
ITU Digital World 2021 in Ha Noi, Viet Nam» ժողովին։
Մրցանակաբաշխությունը նպատակ ունի կարևորելու նորարարական տեխնոլոգիական լուծումները, խթանելու ստեղծագործ ՓՄՁ-ներում ներդրումները և կայուն զարգացման հիմքեր ստեղծելու ճգնաժամի պայմաններում: