Կորոնավիրուսային դեպքերի ռեկորդ է գրանցվել Վրաստանում, և այստեղ էլ հաստատվել են նոր սահմանափակումներ, որոնք վերաբերում են ավանդական խնջույքներին՝ ծննդյան, հիշատակի օրերին, կնունքներին ու հարսանիքներին, հայտնում է Aliq-ը:
Ամուսնության գրանցման ժամանակ փեսան, հարսնացուն և երկու վկաները պետք է կրեն դիմակ և հեռավորություն պահպանեն: Օրինախախտներին սպառնում է տուգանք` 10 հազար լարի, ինչը ավելի քան երեք հազար դոլար է:
Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 87-ով: Սա պանդեմիայի ողջ ընթացքում մեկ օրում գրանցված հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն է: Վարակը արագ է տարածվում հատկապես Աջարիայի հանգստավայրերում: Արձակուրդի սեզոն է, և Սև ծովում հանգստացողները շատ են:
Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ երկրում մոլեգնում է կորոնավիրուսի երկրորդ ալիքը: Առողջապահության համակարգի փլուզումից խուսափելու համար կառավարությունը որոշել է քրոնիկ հիվանդություններ չունեցող ասիմպտոմ հիվանդների բուժումը շարունակել հյուրանոցներում: