Պահածոյացման ակտիվ շրջանում, հիմք ընդունելով նախորդ տարիներին բոտուլիզմով թունավորման մտահոգիչ վիճակագրությունը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողության պատասխանատու, հորդորում է`
խուսափել տնային պայմաններում պահածոյի պատրաստումից և այդ եղանակով պատրաստված պահածոների օգտագործումից՝ առանց դրանք ջերմային մշակման ենթարկելու.
տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե.
սննդամթերքը պահածոյացնել սառեցման, չորացման կամ աղադրման եղանակով.
չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից.
թունավորմանը բնորոշ առաջին իսկ ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի:
Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որն արտահայտվում է կենտրոնական և վեգետատիվ նյարդային համակարգի ախտահարումով:
Բոտուլաթույնով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը: Հիվանդության ախտանիշերն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում:
Հիվանդության գաղտնի շրջանը 2 ժամից մինչև 12 օր է:
Կլինիկական հիմնական ախտանիշերն են սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը և փորկապությունը, գլխապտույտը, տեսողության խանգարումը, երկտեսությունը, կոպի իջեցումը (պտոզ), բբերի լայնացումը (միդրիազ), կլման ակտի խանգարումը, ռնգախոսությունը, խոսքի խանգարումը, բերանի չորությունը, սրտի աշխատանքի դանդաղումը, շնչառության խանգարումը, անգամ հավասարակողմ կաթվածը: