Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ դպրոցներում, համաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտությամբ պայմանավորված, ընդհանուր պատրաստվածության վիճակին տեղում ծանոթնալու նպատակով, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցները պատահականության սկզբունքով այսօր այցելել են Վանաձորի թիվ 7, 9, 15, 16, 18, 19, 20, 23,25,27, 28, 30 դպրոցներ: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից:
«Նման այցերը պարբերական բնույթ են կրելու: Մարզային ենթակայության դպրոցներն, ընդհանուր առմամբ, պատրաստ են ապահովելու երեխաների անվտանգ կրթությունը: Աշխատանքները վերջնական ավարտին կհասցվեն հանգստյան օրերի ընթացքում:
Սիրելի աշակերտնե՛ր և ծնողնե՛ր, արվում է ամեն հնարավորը` կրթության անընդհատությունը ապահովելու նպատակով, սակայն ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է նաև ձեր զգոնությունը և պատասխանատվության բարձր զգացումը»,- գրված է հայտարարությունում: