«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ երեկ կեսօրին դիմել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանին:
Մարուքյանը նշել է, որ իրենց փոխանցված տեղեկությունների համաձայն՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցներ ազատվում են աշխատանքից, այնինչ, ըստ տեղեկատվության աղբյուրի, վերջերս են նույն ընկերության աշխատակիցների աշխատավարձերը կրճատվել 20%-ով։
«Պարզ չէ, թե ինչն է նման մասշտաբային կադրային և վարձատրության կրճատումների պատճառը, սակայն ակնհայտ է, որ ներկայիս սոցիալական ծանր պայմաններում այդքան քաղաքացու՝ առանց աշխատանք թողնելու ամենաբացասական հետևանքներն առաջնահերթ կրելու են այդ անձանց ընտանիքները, այնուհետև՝ պետությունը։
Հանձնաժողովի նախագահին խնդրել եմ իրականացնել ուսումնասիրություն՝ պարզելու համար ընկերությունում կադրային և աշխատավարձային վերոնշյալ կրճատումների պատճառներն ու գործընթացի օրինականությունը»,- մասնավորապես գրել է Մարուքյանը:
1lurer.am-ի հետ զրույցում ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը տեղեկացրեց, որ նամակը ստացել են և սահմանված կարգով կպատասխանեն: Նամակն այժմ ուսումնասիրությունների փուլում է, և, ըստ սահմանված կարգի, մինչև 10 աշխատանքային օրում պատասխանը պատրաստ կլինի: