ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնել է հանրային ծառայությունների գրասենյակի նոր գործառույթի մասին:
«Սիրելի՛ հայրենակիցներ, հանրային ծառայությունների ոլորտից ևս մեկ լավ լուր ունեմ։
Եվս մեկ ծառայություն հնարավոր կլինի ստանալ https://e-services.moj.am/am/ հարթակի միջոցով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս հարթակի միջոցով հնարավոր է դարձել առանց ՔԿԱԳ տարածքային մարմին այցելելու ստանալ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը՝ էլեկտրոնային տարբերակով և վավերացված ապոստիլով։ Այսօրվանից այդ տարբերակով կարող եք նաև ստանալ ՔԿԱԳ վկայականների կրկնօրինակները (ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության և այլն)։
Այս հնարավորությունից օգտվել կարող են Հայաստանի քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող կամ ունեցած օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք։
Դիմումների ընդունումը էլեկտրոնային ձևաչափով հնարավորություն է տալիս դիմող անձանց այլևս անձամբ կամ լիազորված անձի միջոցով չներկայանալ իրավասու մարմին՝ համապատասխան դիմում լրացնելու համար: Իսկ տեղեկանքը և վկայականի կրկնօրինակը, վարույթը ավարտելուց հետո ուղարկվում է դիմումատուի էլեկտրոնային հասցեին, որը կարող է արտատպվել և ներկայացվել ըստ պահանջի»,- տեղեկացրել է արդարադատության նախարարը: