Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 20։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում կտրվի Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2020-2021 թթ․ համերգաշրջանի մեկնարկը։ Բացօթյա համերգի ընթացքում Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) կներկայացնի Լյուդվիգ վան Բեթհովենի, Անտոնին Դվորժակի և Ջուզեպպե Տարտինիի ստեղծագործությունները։ Ի դեպ, Տարտինիի Ջութակի սոնատ սոլ մինոր ստեղծագործության կատարման ընթացքում նվագախմբին կմիանա երիտասարդ տաղանդավոր ջութակահարուհի Օվսաննա Հարությունյանը։
Հայաստանի պետական կամերային նվագախումբը մշտապես ճանապարհ է հարթում երիտասարդ երաժիշտների համար՝ հնարավորություն ընձեռելով նրանց հանդես գալ պրոֆեսիոնալ կոլեկտիվի հետ։ Նվագախումբը բազմիցս է ներկայացնում հայ տաղանդավոր երաժիշտներին՝ «Ճանապարհ երիտասարդներին» ծրագրի շրջանակում։ Օվսաննան առաջին անգամ չէ ելույթ ունենում ՀՊԿՆ-ի հետ։ 2020 թ․ ամռանը «ՕՊՈՒՍ 5» միջազգային փառատոնի շրջանակում ջութակահարուհին Հայաստանի պետական կամերային նվագախմբի երաժիշտների հետ համատեղ կատարել է Ֆելիքս Մենդելսոնի «Օկտետ» ստեղծագործությունը (3-րդ ջութակ):