19-րդ դարի ամրոցը 1995 թվականից եղել է Պաշտպանության նախարարության հաշվեկշռում, իսկ 2004-ից ընդգրկվել է Շիրակի մարզի պատմության ու մշակույթի հուշարձանների ցանկում: Առանց անուններ նշելու ոստիկանությունը հայտարարեց` պաշտպանության և արդարադատության նախարարությունների բարձրաստիճան և այլ պաշտոնյաներ՝ անձնական շահագրգռվածությամբ, իրենց լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով և խախտելով օտարման ոչ ենթակա մշակութային հուշարձանների մասին օրենքը՝ կազմակերպել են ամրոցի օտարումը ֆիզիկական անձի: Պետությանը պատճառել են էական վնաս:
Ոստիկանությունը չի հստակեցնում վնասի չափը, նաև անձի ինքնությունը, որին օտարվել է պատմական հուշարձանը: Ներկայում Սև բերդ ամրոցը պատկանում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին։
Սամվել Բալասանյան, Գյումրու քաղաքապետ - Երևի մտածեցին, որ ապօրինի գնորդը ես եմ: Ասեմ, որ խոսքը 2005 թվականի մասին է, իսկ Սև ամրոցը գնել եմ քաղաքապետ ընտրվելուց հետո:
Բալասանյանն ասում է, որ ինքն ու ընտանիքը մտահոգվելու առիթ չունեն, որովհետև բերդը գնել են 2012 թ-ին, այն բանից հետո, երբ առաջին սեփականատերը մահացել էր և նրա ընտանիքը տարիներով գնորդ էր փնտրում։
Սամվել Բալասանյան, Գյումրու քաղաքապետ - Պատմական արժեքը քանդվում ու վաճառվում էր: Ափսոսանք ապրեցի: Որոշոմ կայացրեցի գնել և հանուն քաղաքի վերականգնել։
2012 թ-ին բերդը գնելիս 2005 թ-ի առուվաճառքի օրիանականության հարցի մասին չի մտածել։ Ասում է՝ ինքը բարեխիղճ գնորդ է և ձեռք բերելիս բերդն անմխիթար վիճակում էր։ Մեծ ներդրումներ է արել, հիմա բերդի տարածք մուտքն անվճար է։ Եթե, այնուամենայնիվ, որոշում կայացվի պետական հուշարձանը հանձնել ՊՆ-ին, ինչպե՞ս կարձագանքի սեփականատերը և որքա՞ն ներդրում է արել:
Սամվել Բալասանյան, Գյումրու քաղաքապետ - Դա կոմերցիոն գաղտնիք է, պայմանագրով է, պետք չէ հնչեցնել:
Հայագետ Սերգեյ Հայրապետյանն առաջին սեփականտիրոջ եղբայրն է, եղբոր մահից հետո հենց նա է վաճառել կառույցը։ Հայկ Հայրապետյանը Սանկտ Պետերբուրգում գործարարությամբ էր զբաղվում։ Գյումրու փլվող բերդը տեսնելով՝ որոշել է սեփականաշնորհել և մարզահամերգային դահլիճ կառուցել։
Սերգեյ Հայրապետյան, հայագետ, Հայկ Հայրապետյանի եղբայր - Լենինգրադից դիմում էր գրել քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ասել էին, որ շինությունը պատկանում է ՊՆ-ին և խորհուրդ տվեցին դիմել ՊՆ-ին։
Սերգեյ Հայրապետյանը հիշում է՝ մի քանի անգամ են գնացել Պաշտպանության նախարարություն, տարբեր պաշտոնյաների հետ են հանդիպել, ինքը մշտապես ուղեկցել է եղբորը։
Սերգեյ Հայրապետյան, հայագետ, Հայկ Հայրապետյանի եղբայր - Մտանք նախարարի մոտ, ընդունեց Սերժ Սարգսյանը, լսեց, զարմացավ, որ այդ շինությունը կարելի է նորմալ բանի վերածել:
Հաջորդ հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ մեկ շաբաթ անց էր, արդեն պայմանագիր ստորագրվեց, վճարեցին։
Սերգեյ Հայրապետյան, հայագետ, Հայկ Հայրապետյանի եղբայր - Ասացին` այսքան մուծում, կնքվեց պայմանագիր, նշվեց մուծման չափը՝ ՊՆ անունով և եղբորս շատ մոտ ընկերոջ անունով, որը Երևանում է։ Հայկը ՀՀ քաղաքացիություն չուներ։
Եղբոր ընկերը պատճառաբանում է՝ հանրային դեմք չէ, անունն ու բերդի գինը չի հրապարակում, ամեն ինչ պահել է՝ վճարման կտրոնը, պայմանագիրը: Անհրաժեշտության դեպքում կներկայացնի իրավապահներին։
Հայրապետյանն ասում է՝ ամեն ինչ արել են օրենքի սահմաններում, տեղյակ չէ՝ պաշտոնյաներն ինչ չարաշահումներ են արել։ Եղբոր մահից հետո շատ դժվար էր հսկելը, որ բերդը չթալանեն, հարկերը շատ էին, և Հայրապետյանը գնորդ էր փնտրում, որը կիրականացներ եղբոր երազանքը՝ կկառուցեր համերգասրահ։
Պատմաբան Գագիկ Համբարյանը հիշում է այն տարիները, երբ բերդը քանդվում էր, իսկ գնորդ չկար։
Գագիկ Համբարյան, պատմաբան, ՇՊՀ դասախոս - Մեղավորներ պետք է փնտրել նախկին պաշտոնյաների մեջ։
Ըստ պատմաբանի, առաջին սխալը հուշարձանի սեփականաշնորհումն էր, որ թույլ են տվել այն ժամանակվա պատասխանատուները։
Գագիկ Համբարյան, պատմաբան, ՇՊՀ դասախոս - Ապօրինություն է հուշարձան վաճառելը:
Եվ երկրորդ. ըստ Համբարյանի, հանցավոր անտարբերությամբ հետևում էին, թե ինչպես էր վաճառքից հետո քանդվում բերդը։
Բերդն այսօր պահպանվել է, իսկ հետ վերցնել և ՊՆ-ին հանձնելը վտանգավոր քայլ է որակում պատմաբանը: Համբարյանի խոսքով՝ դա կարող է դիտվել պետական ռեկետ, պետք է հաշվի առնել ներդրումների ծավալը ու շուկայական արժեքը։ Այդ ամենը վերադարձնելուց հետո կարելի է մտածել դարձյալ պետականացնելու մասին։