ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը ներկայացրեց իր և պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի հեղինակած օրենսդրական նախագծերի փաթեթը:
Առաջարկվում է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարել:
Դավթյանը նշեց, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ այն կարգը, որով սահմանվել է օրենքը ընդունված դատավորների կենսաթոշակի վճարման կարգի չափի վերաբերյալ, ճանաչվել է հակասահմանադրական: Նա շեշտեց, որ այս պահի դրությամբ այդ մասը բաց է, և կարգավորման անհրաժեշտություն կա:
Նախագծով պատգամավորներն առաջարկում են Դատական օրենսգրքում կատարել լրացում, որ դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել նրա՝ որպես դատավոր պաշտոնավարումը դադարելու նախորդ 12 ամիսների ընթացքում հաշվարկված աշխատավարձի, այդ թվում՝ հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի 75 տոկոսից:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ Սահմանադրական դատարանը ժամկետ էր սահմանել օրենքի մեջ փոփոխություն կատարելու համար, որի վերջնաժամկետը 2019 թվականի հոկտեմբերին էր լրանում: Նա հետաքրքրվեց, թե առաջարկվող նախագիծը, երբ ուժի մեջ մտնի, վերաբերելու է հոկտեմբերի 1-ից հետո նաև պաշտոնավարումը դադարեցրած դատավորների՞ն, թե՞ ուժի մեջ մտնելուց հետո պաշտոնավարումը դադարեցրած դատավորներին:
«Մեր պատկերացումն այն է, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո արդեն թոշակի անցածներին վերաբերելու է»,- ասաց Դավթյանը:
Նշվեց, որ նորմը հետադաձ կիրառելիություն ունի:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը ներկայացրեց կառավարության առաջարկները: Կառավարության առաջարկն է, որ օրենքով հստակ սահմանվեն այն իրավական հիմքերը, որոնցով կարգավորվում է դատավորների կենսաթոշակային ապահովությունը:
«Ամրագրել զուտ աշխատավարձի 75 տոկոսի չափով դատավորի համար սահմանված կենսաթոշակի չափ, այսինքն՝ պետությունը երաշխավորում է դատավորի, նրա աշխատավարձի 75 տոկոսի չափով կենսաթոշակներով: Առաջարկում ենք, որ չափն արձանագրվի նշածս չափի շրջանակում»,- ասաց Սաիյանը:
Առաջարկվում է նաև օրենքով սահմանել կենսաթոշակի չափը վերահաշվարկելու դեպքերը, հստակ ամրագրել այն դեպքերը, երբ դատավորին նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է:
Քննարկումից հետո, հանձնաժողովի որոշմամբ, նախագծում առկա կանոնակարգումները Կառավարության կողմից ներկայացված առաջարկներին համահունչ դարձնելու նպատակով հետաձգվեցին: