Հոբելյանական տարեդարձի նախաշեմին, ֆրանսահայ կինոռեժիսորի երկլեզու բուկլետն ու գեղաթերթիկը պատրաստ են՝ 40 հազար տպաքանակով: Էջերի անկյուններում դրվագներ են Անրի Վեռնոյի կենսագրականից:
Մարիամ Ծովյան, «Հայփոստ» ՓԲԸ ֆիլատելիայի վարչության համակարգող - Նամականիշը տպագրվել է ֆրանսիայի քարտր տպագրատանը, իսկ գեղաթերթիկի խորապատկերին ներկայացված են նրա ֆիլմերի պաստառները:
Հայ տարագիր ընտանիքի ինքնակենսագրական իրականությունը նա պատմեց էկրանին, ցույց տալով՝ ոչնչից նոր կյանք սկսելու համառությունը: Մի քանի տասնյակ ֆիլմեր, մի շարք պատվավոր մրցանակներ: Ի վերջո` վերադարձավ հարազատ ակունքներին՝ հայկական թեման նրա մտքում անավարտ էր:
Վերջին՝ «Մայրիկ» ֆիլմն անձնական էր՝ բացառապես հիշողություններով: Մայրիկի դերակատարման համար ռեժիսորը Կլաուդիա Կարդինալեին պատահական չի ընտրել՝ էկրանին պետք է երևար դերասանուհի, որը երբեք մերկ չի խաղացել:
Անրի Վեռնոյ, ֆրանսահայ կինոռեժիսոր - Ֆիլմը երախտագիտությունն է մորս, հայ ժողովրդին: Համոզված եմ, «Մայրիկը» կդառնա բոլորի ընկերը: Նրանց ընկերը, ովքեր երազում տեսնում են իրենց մորը, իրենց մանկությունը:
Եղեռնից փրկված ընտանիքի պատմությունում ֆրանսահայ կինոռեժիսորը սեփական արմատների, ընտանիքի պատմությունը դարձրել է հայ ժողովրդի ճակատագրի մանրակերտը: Բնութագրելով ֆիլմը` Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Ֆիլիպ Դուստ - Բլազին գրել էր՝ Վեռնոյի ֆիլմն ապացույցն է Մեծ Եղեռնի:
Անրի Վեռնոյ, ֆրանսահայ կինոռեժիսոր - Ես խուճապի մեջ էի, ինչպե՞ս ներկայացնեի մի կյանք` 2 ժամ 40 րոպեում: Մոնտաժի ժամանակ ամեն կադրը հանելիս, հավատացեք, ծերանում էի:
«Մայրիկի» պրեմիերան 1991-ին էր՝ Մարսելում: Այդ ժամանակ էլ Պարի Մատչը գրեց՝ Վեռնոյը նկարել է Գաբենին ու Ֆերնանդելին, Մոնտանին և Քուինին: Բայց «Մայրիկն» իր դերակատարներով Եվրոպայի համար արժեքավոր ստեղծագործություն է:
Կլաուդիա Կարդինալե, կինոդերասանուհի - Անրիի ցանկությունը ես կատարեցի՝ դարձա իր «մայրիկը»: Ֆիլմի առաջին մասում ես 35 տարեկան էի, երկրորդում՝ 80-ն անց կին: Գիտեք՝ մայրս պաշտում է այս ֆիլմը:
Անրի Վեռնոյը, նույն ինքը՝ Աշոտ Մալաքյանը, նկարել է 42 կինոնկար, 27-ի սցենարն ինքն է գրել: Լրագրողի հարցին՝ ինչպիսինն են Անրի Վեռնոյի և Աշոտ Մալաքյանի փոխհարաբերությունները, անկեղծացել է, հետո արտասվել՝ Աշոտն ու Անրին մտերմացան, իսկ ավելի ուշ՝ Վեռնոյը դուրս մղեց Մալաքյանին:
Համավարակով պայմանավորված` կինոբեմադրիչին նվիրված միջոցառումների մի մասը կլինի հաջորդ տարի: «Յունեսկոյի» կենտրոնական գրասենյակում կլինի մեծ միջոցառում: «Ոսկե ծիրանին» նախատեսված է ֆիլմերի ցուցադրում:
Արայիկ Խզմալյան, ԿԳՄՍ նախարարի տեղակալ - Նախատեսվում է Անրի Վեռնոյի` հայ ընթերցողին անծանոթ ստեղծագործությունների թարգմանություն, նախատեսում ենք «Մայրիկ» վեպի վերահրատարակում` այս անգամ համալրելով արխիվային լուսանկարներով, փաստաթղթերով:
Մարսելում, Երևանում ևս Անրի Վեռնոյի անունով փողոց կա: Արդեն հինգ տարի Մայրաքաղաքի այս փողոցը կրում է Անրի Վեռնոյի անունը: Միջոցառմանը որդին՝ Պատրիկ Մալաքյանն ասել էր, որ «Մայրիկ» ֆիլմը Եղեռնից հետո հայ ժողովրդի միասնականության այբուբենն է: Որպես հավերժություն` «Մայրիկն» ավարտվում է փողոցում՝ մայրիկի և որդու դրոշմված պարով: Այդ փողոցում սկիզբ կառնեն կինոհանճարի 100-ամյակին նվիրված միջոցառումները: