Հայաստանի Զինված ուժերի սպաներ Վազգեն Վարդանյանի և Արմեն Ջամալյանի նկատմամբ Ինտերպոլի ուղիներով այս պահին որևէ հետախուզում չի իրականացվում:
Այս մասին «Լուրեր»-ին ասել են Հայաստանի ոստիկանությունից:
Սոցցանցերում տարածված տեղեկության համաձայն՝ Ադրբեջանի իրավասու մարմինները քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով քրեական հետապնդում են նախաձեռնել երկու հայ սպայի նկատմամբ, ինչի կապակցությամբ Ադրբեջանի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն հայց է ներկայացրել Ինտերպոլի գլխավոր քարտուղարություն՝ նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու նպատակով։
Ըստ ոստիկանության՝ մեր երկրում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն մշտապես իրականացնում է դիտարկումներ՝ Ադրբեջանի իրավասու մարմինների նման նախաձեռնություններին ժամանակին և համարժեք արձագանքելու ուղղությամբ:
Նման խնդիրներ ծագելու դեպքում Հայաստանում Ինտերպոլի կողմից անմիջապես տրվում է համարժեք արձագանք, և Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանը ներկայացվում են հիմնավորումներ ու փաստարկներ։