Հանրապետության ամբողջ տարածքում շարունակվում են տեսչական մարմինների ստուգայցերն ու մշտադիտարկումները: Չնայած ամիսներ շարունակ գործող արտակարգ դրությանը՝ որոշ տնտեսավարողներ շարունակում են խախտումներ թույլ տալ և ամբողջությամբ չկատարել պարետի որոշումները:
Միայն այսօր Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է 3 տասնյակ տնտեսավարողի գործունեությունը: Կտրուկ նվազած կասեցումների համատեքստում սա վերջին շրջանի կասեցումների ամենամեծ թիվն է։ Օրինազանց բիզնեսի շարքում են խոշոր սուպերմարկետների ցանցեր և հյուրանոցներ, գեղեցկության սրահներ:
Ուղիղ հակառակ պատկերն են գրանցել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները: Ստուգայցերը սննդի ոլորտում անթերի արդյունք են արձանագրել բոլոր մարզերում: Երևանում խախտում է թույլ տվել միայն մեկ կազմակերպություն: Այդուհանդերձ՝ նախկինում արձանագրված խախտումների պատճառով մարզերում 4 ժամով կասեցվել է մի քանի տնտեսավարողի գործունեությունը:
Դրական են եղել շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ստուգայցերի արդյունքները: Կառույցը մշտադիտարկում է իրականացրել Երևանի մի շարք խոշոր առևտրի կենտրոններում: Տեսչական մարմնի աշխատակիցները շրջել են «Երևան մոլ», «Դալմա մոլ» առևտրի կենտրոններում և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող ոսկու տոնավաճառի տաղավարներում: Էական խախտումներ չեն արձանագրվել: Առկա թերությունները տեղում վերացվել են: