Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ սեպտեմբերի 10-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արամ Հարությունյանի նախագահությամբ հրավիրել է «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ԱՀ հատկացված (2020-2021 ուսումնական տարվա) և ԱՀ-ում բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձավճարների՝ պետական բյուջեից փոխհատուցման (ժամանակավոր) կարգ» նախագծի շուրջ քննարկում:
Հիմնական զեկույցով հանդես է եկել ԱՀ կրթության, գիտության և մշակույթի փոխնախարար Հասմիկ Մինասյանը: Նա անդրադարձել է նաև բուհերի ներկայացրած առաջարկներին:
Ներկաները զեկուցողին են առաջադրել հայաստանյան բուհերում սովորող արցախցի ուսանողների, զինծառայողների երեխաների, մագիստրատուրայում սովորողների, ցածր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների ուսման վարձավճարների փոխատուցման կարգին և դրանց դադարեցմանը վերաբերող հարցեր:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ընթացքում նախագծի վերաբերյալ հնչել են առաջարկներ:
Քննարկմանը մասնակցել են նաև ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, ԱՀ բուհերի ռեկտորներ, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններ, Անվտանգության խորհրդի ներկայացուցիչներ: