Շիրակի մարզում կրթական հաստատություններում աշխատող 6000 անձի թեստավորելու են։ Գործընթացը մեկնարկել է, մինչև նոր ուսումնական տարվա առաջին օրերը կլինեն ամփոփ տվյալներ։
Հրայր Կարապետյան, Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի սպորտի վարչության պետ - 600-ից ավել մարդ թեստավորում է անցել, գործընթացը շարունակական է, ավելի լավ արդյունք ենք գրանցել, ունենք 11 դրական դեպք, ճշտվել է շփման շրջանակը, մեկուսացվել են։
Թեստերի առաջին դրական դեպքերը գրանցվել են Գյումրու 29-րդ դպրոցում։ Խուճապային տրամադրություններ են տարածվել հատկապես այն պատճառով, որ որոշ մանկավարժների մոտ կրկնավարակում է կասկածվել։
Գայանե Բիչախչյան, Գյումրու 29-րդ հիմնական դպրոցի տնօրեն - Դպրոցում ութ հոգու թեստ դրական է, կա ուսուցիչ, որ հակամարմիններ ուներ, բացառվում էր կրկնավարակը, արագ թեստ էին հանձնել, երեքի պատասխանը բացասական էր։
Թեստավորման այս արդյուքնները զարմացնող են։ Շիրակի մարզպատարանի առողջապահության բաժնում էլ չունեն այս հարցի պատասխանը, ինչպես է ստացվել, որ մի դեպքում թեստի պատասխանը դրական է եկել, անմիջապես հետո հանձնել են, բացասական է։
Լեյլի Ասլանյան, Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ - Նեղ մասնագիտական հարց է, դիմել ենք նախարարություն, ներկայացրել ենք իրավիճակը, խնդրել ենք մեկնաբանություն։
Որ թեստի պատասխանն է ճիշտ։ Երկու անգամ թեստավորված ու թեստի տարբեր արդյունք ստացած մանկավարժները գնալո՞ւ են աշխատանքի, թե՞ ոչ։ Առողջապահության բաժնի պետն ասում է, նրանք մեկուսանալու են։ Կմեկուսանան նաև ընտանիքի անդամներն ու բոլոր այն անձինք, որոնք շփվել են այդ մանկավարժների հետ։
Դպրոցը սանիտարահիգիենիկ առումով խնդիր չունի, տեսչական կառույցը դասերը վերսկսել թույլատրել է։ Շիրակի մարզի բոլոր այն դպրոցներում, որտեղ թեստավորումն ավարտել է, դասապրոցես կմեկնարկի, իսկ գործընթացը շարունակվում է։ Կավարտվի մինչև սեպտեմբերի 20-ը։ Սկզբում կթեստավորեն մեծ աշխատակազմ ունեցող դպրոցները, այնուհետ՝ փոքր։
Բոլոր դպրոցներում նախապատրաստական աշխատանքներ են, կուտակում են ախտահանիչ միջոցներ, դիմակներ, փակցնում ուղեցույցներ։ Առաջին դասարանցիներին կընդունեն սեպտեմբերի 14-ին։